Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսագուլյանը մանրամասներ է ներկայացում զինված խմբի հետ բանակցություններից և Ալեք Ենիգոմշյանի կյանքից

Իսագուլյանը մանրամասներ է ներկայացում զինված խմբի հետ բանակցություններից և 
Ալեք Ենիգոմշյանի կյանքից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` այն պահից, երբ զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բուժաշխատողներին, համարվում են ահաբեկիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 29-ին հրավիրված ասուլիսում Իսագուլյանը նշեց, որ այդ պահից հետո պետությունը իրավունք ունի կիրառելու օրենքով նախատեսված ցանկացած միջոց` պատանդներին ազատ արձակելու: «Բայց նույնիսկ այդ դեպքից հետո տղաներից պահանջվել է վայր դնել զենքերը և հանձնվել»,- ասաց Իսագուլյանը:

Նա նշեց, որ առաջին օրվանից ձեռնամուխ է եղել որոշակի գործողությունների, որպեսզի այս խնդիրը խաղաղ լուծում ստանա: «Իշխանություններն ընդառաջել են մեր այդ ցանկությանը, որպեսզի մենք փոխարինենք Էրեբունու ՊՊԾ գնդի ներսում պատանդ պահվող ոստիկաններին և կամավորության սկզբունքով մնանք նրանց մոտ, սակայն զինված խմբի կողմից դա մերժվել է: Երկրորդ նախաձեռնությունը եղավ, որ Լեռնային Ղարաբաղից եկավ Վիտալի Բալասանյանը, որը նախ դիմեց իշխանություններին: Ստանալով համաձայնություն` նա կապվեց զինված խմբի հետ: Սկզբնական շրջանում պլանավորված էր 4 հոգով մտնել ՊՊԾ գունդ, սակայն նրանք միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին ներս մտնել: Հետագայում Վիտալի Բալասանյանը կարողացավ համոզել տղաներին, որ Աշոտ Մինասյան էլ ներս մտնի: Բանակցությունները հրաշալի էին ընթանում և արդյունքը երկար սպասել չտվեց: Պայմանավորվածությունների արդյունքում գնդի տարածք թողեցին լրագրողներին` ոստիկաններին ազատ արձակելու դիմաց: Տղաների հետ պայմանավորվել էինք հստակ, որ մտնում է 7 տեսախցիկ և 14 լրագրող: Այնուհետև զինված խումբը փոխեց իր որոշումը` պահանջելով, որ պետք է թույլատրել բոլոր լրատվամիջոցներին, որոնք ցանկանում են: Արդյունքում 65-ից ավելի լրագրող ու 30-ից ավելի տեսախցիկ ներս մտավ: Ուղիղ եթերի ուշացման պատճառը դա էր: Երկրորդ պայմանն այն էր, որ զինված խմբից որևէ մեկը իրավունք չունի լրագրողների մոտ երևալ զենքով, սակայն այդ պայմանը տղաների կողմից խստորեն խախտվեց: Պայմանավորվածություն կար, որ լրագրողները չանցնեն անվտանգության գոտին, որը նույնպես խախտվեց: Եվ բոլորիս համար անսպասելի կրակոցներից հետո Վիտալի Բալասանյանը խնդրեց լրագրողներին լքել տարածքը: Զինված խումբը խախտել էր բոլոր պայմանները»,- նշեց Իսագուլյանը:
Նա ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման ժամանակ եղել է ինքը, և Վիտալի Բալասանյանի հայտարարածը ճիշտ է:
« Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման ժամանակ եղել եմ ես, Վիտալի Բալասդանյանը, Ալեք Ենիգոմշյանը և ևս մի անձ, որը արձանագրում էր: Այն, ինչ հայտարարել է Վիտալի Բալասանյանը, որ Սեֆիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը ճիշտ է: Հիմա, եթե փոխել է իր տեսակետը, դա այլ հարց է: Վիտալի Բալասանյանը զիվորական է՝ լսում է ուղիղ, հասկանում է ուղիղ և փոխանցում է ուղիղ»,- ընդգծեց Իսագուլյանը:

Իսագուլյանը վրդովված է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությունից, թե Բալասանյանը ստել է:
Նա Ենիգոմշյանի կյանքից մի դրվագ ներկայացրեց: «Քանի որ պարոն Ենիգոմշյանը թույլ է տվել իմ ընկերոջը (Վիտալի Բալասանյանին) վարկաբեկել ու ստախոս անվանել, ներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից մի երկու դրվագ: 1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ, ռումբը հյուրանոցի համարում պայթել է նրա ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Լավ է՝ Սյուզին մյուս համարում է գտնվել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը, բայց Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին: Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»,- պատմեց Իսագուլյանը:
Նա նշեց, որ այդ փաստաթղթերն առկա են շվեյցարական հատուկ ծառայությունների մետ. «Պարոն Ենիգոմշյան, ես կարեկցում եմ Ձեզ, Դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չէ ստել, հատկապես ստախոս հանել լեգենդար հերոսին, որն ապացուցել է, որ ինքը չի ստում ու ոչ մեկին թյուրիմացության մեջ չի գցում, ու եթե նա շարունակեր իր միջնորդական առաքելությունը, համոզված եմ, որ հաջորդ օրը հանգուցալուծումը պատրաստ կլիներ»,-նկատեց Իսագուլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]