Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սեւանա լիճ է բաց թողնվել 705 հազար հատ իշխանի մանրաձուկ

Սեւանա լիճ է բաց թողնվել 705 հազար հատ իշխանի մանրաձուկ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :   Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն ներկայացնելով 2016 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված աշխատանքների մասին, բնապահպանական ոլորտում  կարեւոր ձեռքբերում համարեց Սեւանի ավազանում ձկնաբուծության  զարգացման համալիր  ծրագրի ներդրումը, որի շրջանակներում արդեն Կարճաղբյուրում շահագործման է հանձնվել Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության  գործարանը, ինչն այսուհետ հնարավորություն է ստեղծում՝ տեղում կազմակերպելու Սեւանի իշխանի մանրաձկան արտադրությունը եւ տարեկան միլիոնի հասնող քանակով Սեւանա լիճ բաց թողումը: Նրա խոսքով` ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ապահովելու է հազարավոր աշխատատեղեր: «Կարճաղբյուրի գերժամանակակից սարքավորումներով զինված ձկնաբուծարանն արդեն հանձնվել է շահագործման, որտեղ արտադրվել եւ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ է բաց թողնվել 705 հազար հատ իշխանի մանրաձուկ: Մինչեւ տարեվերջ լիճ բաց կթողնվի նաեւ մանրաձկան հերթական խմբաքանակը՝ 300 հազարի չափով: Եթե մինչ այդ ամեն տարի Սեւանի իշխանի պաշարների համալրման համար գումարներ էին հատկացվում պետբյուջեից, գնված իշխանի մանրաձուկը տեղափոխվում էր Հայաստանի այլ մարզերից, որոնք դժվարությամբ էին հարմարվում լճի պայմաններին, ապա այժմ արդեն մանրաձուկն աճեցվում է Կարճաղբյուրի ձկնաբուծարանում, համապատասխան հիմնադրամի հաշվին եւ  անկորուստ տեղափոխվում լիճ՝ արդեն միանգամայն հարմարված տեղի պայմաններին եւ կենսունակ՝ հետագա աճի ու զարգացման համար: Այս տարի կգործեն նաեւ ցանցավանդակային տնտեսությունները, որտեղ կբուծվեն գործարանում արտադրված մանրաձկների տեսակները»,- ներկայացրեց մարզպետը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Կարճաղբյուրի նորաբաց ձկնաբուծարանն արդեն տվել է Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության մեկնարկը,ինչի արդյունքում հունիս-հուլիս ամիսներին Սեւան թափվող մի քանի գետերում բաց է թողնվել Սեւանի իշխանի մոտ 705 հազար հատ մանրաձուկ:»Այս տարվա հունիսի 7-ին 200 հազար 500 հատ մարաձուկ Սեւանա լիճ է բաց է թողնվել Կարճաղբյուր գետի միջին հոսանքում, հունիսի 20-ին՝ 221 հազար հատ՝ Լիճք գետի միջին հոսանքում եւ Կարճաղբյուր գետի ստորին հոսանքում, հուլիսի 11-ին՝ 283 հազար հատ՝ Ծակքար եւ Բախտակագետ գետերի խառնարանում եւ Արգիճի գետի ստորին հոսանքում: Մասնագիտական խումբն առաջին անգամ ուսումնասիրում է, թե որտեղ, երբ եւ ինչ քաշի մանրաձուկ պետք է բաց թողնվի Սեւան թափվող գետեր, այլ ոչ թե լիճ, ինչպես կատարվում էր նախորդ տարիներին»,- տեղեկացրեց վարչության պետը: Ըստ Համբարձում Համբարձումյանի՝ մինչեւ տարեվերջ Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից Սեւանա լիճ թափվող գետեր բաց կթողնվի Կարճաղբյուրի ձկնաբուծարանում արտադրված Սեւանի իշխանի եւս 300 հազար հատ մանրաձուկ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]