Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում փակվել է եւս 4 բանկ

Ադրբեջանում փակվել է եւս 4 բանկ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը հետ է կանչել երկրի եւս 4 բանկերի լիցենզիաները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը՝ նշելով, որ դրանք Dekabank, Kredobank, Parabank եւ Zaminbank բանկերն են:

Պալատի ղեկավար Ռուֆաթ Ասլանլըն հայտնել է, որ համապատասխան որոշումը կառույցն ընդունել է հուլիսի 21-ին:

Բանկերի լիցենզիաները վերացնելու պատճառը նրանում է, որ «այդ բանկերի ակտիվները օրենսդրությանը համապատասխան կերպ դասակարգված չեն, նրանք չունեն անհրաժշետ պահուստներ, եւ միասնական կապիտալը չի համապատասխանում 50 մլն մանաթի չափով նվազագույն պահանջներին»,- ասել է Ասլանլըն:

Հիշյալ բանկերում աշխատում էր 450 մարդ, եւ հուլիսի 22-ից այնտեղ ժամանակավոր ադմինիստրատորներ են նշանակվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը պահպանել է առաջիկա 12-18 ամիսների համար Ադրբեջանի բանկային հատվածի գծով իր բացասական կանխատեսումը:

«Դա արտահայտում է գործակալության կարծիքն այն մասին, որ նավթի գների անկման եւ ազգային արժույթի փոխարժեքի նվազման պատճառով բանկային հատվածի վրա ունեցած բացասական ազդեցության արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը մինչեւ 2016 թվականի վերջը հետընթաց կապրի»,- զեկույցում նշել է Moody`s-ը:

Գործակալության գնահատականներով՝ 2015 թվականի ընթացքում ազգային արժույթի մոտ 100 տոկոսով արժեզրկման հետ համադրմամբ ստեղծված բարդ գործառութային միջավայրը կբերի ադրբեջանական բանկերի ակտիվների որակի, նրանց եկամտաբերության հետագա վատացմանը, խնդիրներ կստեղծի կապիտալացման եւ ֆինանսավորման հետ:

«Մենք սպասում ենք Ադրբեջանում խնդիր ունեցող վարկերի տեսակարար կշռի մոտ 20 տոկոս աճ` 2015 թվականին եղած 16 տոկոսի դիմաց: Դա կապված է այն բանի հետ, որ թույլ մանաթը մեծացնում է փոխառուների վարկային բեռը»,- նշել է Moody`s-ի փոխնախագահ Մարիյա Մալյուկովան:

Բացի այդ, զեկույցում ընդգծվում է, որ վարկերի գծով աճող ծախսերը, ամենից առաջ, կբերեն բանկերի շահութաբերության եւ կապիտալացման հետագա իջեցման:

Գործակալությունը նշում է բանկերի ֆինանսավորման պայմանների թուլացումը, որը կապված է հիմնականում մանաթի նկատմամբ վստահության կորստով:

«Արտարժույթով դեպոզիտների տեսակարար կշիռը հասել է 82 տոկոսի` 2015 թվականին եղած 50 տոկոսի դիմաց: Դա մեծացնում է փոխանակման կուրսի հետագա կայունության նկատմամբ բանկերի խոցելիությունը», -ընդգծում է Moody`s-ը:

Ըստ azadilq.info լրատվական կայքի` Բաքվում ավելի վաղ անցկացված մամուլի ասուլիսում Ադրբեջանի հարկերի փոխնախարար Իլքին Վելիեւը հայտարարել է, որ ընթացիկ տարում բանկային հատվածից հարկային վճարումներում 30 տոկոս է նվազում է գրանցվել:

2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկը վերացրել է 7 բանկի գործունեության թույլտվությունը, մի շարք բանկերի էլ միավորվելու առաջարկներ արել:

«Թուրան»-ը հայտնում է, որ Ադրբեջանում այս տարվա ընթացքում արդեն 8 բանկ փակվել է:

Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է, հաղորդել է «Թուրան»-ը:

 Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է: Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է  Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]