Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Անիի ընդգրկումը հուշարձանի պահպանության երաշխիքներ է տալիս

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Անիի ընդգրկումը հուշարձանի 
պահպանության երաշխիքներ է տալիս

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնադարյան հայկական Բագրատունյաց մայրաքաղաք Անիի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մեծ ձեռքբերում է` հուշարձանի պահպանության առումով: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին հայտի քննարկմանը մասնակցած պաշտոնյաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Անի. հնէաբանական վայր» անվանումով հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտե ներկայացրել է Թուրքիան նախկինում ներկայացրած հայտը լրամշակելուց հետո: Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով` լրամշակված հայտը արտահայտում էր Անիի ինքնության հատվածն ու հստակ ներկայացնում դրա հայկականությունը, ինչը հայկական պատվիրակության համար կարևոր դրույթներից է: «Կարևորում ենք այս հայտի ընդգրկումը ցանկում, առաջին հերթին նրանով, որ մեր պատմամշակութային ժառանգությունն աշխարհով մեկ է սփռված, ու մենք պետք է տեր լինենք ՀՀ սահմաններից դուրս գտնվող հուշարձաններին ու ողջունենք փաստերը, երբ միջազգային կազմակերպությունները իրենց հսկողության ներքո են վերցնում դրանք: Ցանկում հայտնվելը հուշարձանի պահպանության համար որոշակի երաշխիքներ է ստեղծում, իսկ Թուրքիայում գտվող հուշարձանների համատեքստում դա առավել կարևորվում է»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` Անիի հետ կախված հետագա գործողությունները` պահպանություն, տուրիստական հոսքերի կառավարում, Թուրքիայի կողմից պարբերաբար զեկուցվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Իսկ վերանորոգում իրականացնելիս թուրքական կողմը չպետք է հեռանա նախնական տեսքից, որ ունեցել է հուշարձանը: Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ նախապես տեղեկատվական գրքույկ են հրատարակել Անիի` որպես Բագրատունյաց մայրաքաղաքի վերաբերյալ ու այն տարածել մարդկանց շրջանում, ովքեր որոշման վրա որոշակի ազդեցություն կարող էին ունենալ:

ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նկատեց, որ Թուրքիայի կողմից հայտի ներկայացումը պատահական չէր: ՅՈՒՆԵՍՕ-ում ներկայացված հայկական կողմն իր ելույթներում բազմիցս արծարծել է խնդիրը, որ հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ այլ պետությունների տարածքում են, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության` յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր վարչական տարածքում գտնվող հուշարձանները, հետևաբար Հայաստանը չէր կարող ինքը հայտ ներկայացնել այլ պետություններում գտնվող իր հուշարձանների առնչությամբ:

«Մենք հիշեցնում էինք մեր չորս հարևան երկրներում ինչպիսի վիճակ է հուշարձանների պահպանության առումով` մասնավորապես ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետությունում երեք հայկական հուշարձանների (Սուրբ Սեփանոս, Սուրբ Թադե և Ձորձորի վանքերը` որպես հայկական վանական համալիրներ) ընդգրկումը ՅՈՒՆԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Պարբերաբար նշում էինք փաստը, որ Թուրքիայի տարածքում ոչ բարվոք վիճակում ավելի մեծ թվով հայկական հուշարձաններ ունենք, որոնց պահպանությունը չի իրականցվում: Դրա արդյունքն այն եղավ, որ երկու-երեք տարի առաջ Թուրքիայի կողմից երկու բացահայտ հուշարձաններ ընդգրկվեցին Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որից հետո կարելի էր ներկայացնել մշտական ցանկում ընդգրկման համար»,-հիշեցրեց Վահրամ Կաժոյանը:

Նա նշեց, որ թուրքական կողմի նախնական ներկայացրած հայտը կոչվում էր «Անիի մշակութային բնապատկեր», ինչը մերժվեց, քանի որ այդ պարագայում ոչ թե բնապատկերն էր ներկայացված, այլ պատմամշակութային, հնէաբանական հուշարձանը` քաղաքի պարիսպները, ավերակները, եկեղեցիները, վանքերը: «Փորձագիտական կոմիտեն բազմաթիվ այլ դիտարկումներ ևս արել էր, որոնք ընթացքում փոփոխվեցին: Թուրքական կողմից լրամշակված վերջնական հայտը բավականին լավ էր ստացվել, իհարկե, կատարյալ չէր, բայց այնպես էլ չէր, որ բացասական էր»,-նկատեց պաշտոնյան: Վահրամ Կաժոյանը տեղեկացրեց, որ հայտի քննարկումից հետո առաջարկ էր եղել այն կրկին ուղարկել լրամշակման և հայտի ընդունումը հետաձգել անորոշ ժամանակով, բայց, հաշվի առնելով հուշարձանի պահպանության կարևորությունը, ի վերջո Անին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  

«Հայտի վերաբերյալ աննախադեպ քննարկում ծավալվեց, կոմիտեի 21 անդամ երկրներից միայն երկուսը չեն խոսել` Կուբան ու Ադրբեջանը: Մյուս բոլորը, խոսելով «Անի. հնէաբանական վայր» հայտի մասին, շեշտել են դրա հայկականությունը: Կարևոր մի փաստ էլ, որ կոմիտեի ոչ անդամ երկրները կարող են կարճ ելույթի հնարավորություն ունենալ, մենք դա արեցինք հայտի ընդունումից հետո: Ստացվեց երկու ելույթ` մեկը Թուրքիայի կողմից, որ ներկայացրել էր հայտը, և Հայաստանի կողմից, որին պատկանում է Անիի հեղինակային իրավունքը»,-նշեց Վահան Կաժոյանը` հավելելով, որ նիստից հետո շնորհավորանքներ էին ստանում ոչ միայն թուրքերը, ովքեր հայտն էին ներկայացրել, այլև հայերը, որոնց պատմության կարևոր դրվագն ու գլուխգործոցն էր ցանկում ներառվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]