Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդունել է «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝ «Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի մասնակիցներն հուլիսի 13-ին այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. «Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Նա հակիրճ անդրադարձավ թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանների այցելուների դրական դինամիկային: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում առկա մշակութային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Այնուհետև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը զեկուցեց «Կոմիտասի ժառանգությունն ինքնության հարցերի համատեքստում» թեմայով՝ նշելով, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար և նշանակալի երևույթներից, հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։
Այնուհետև հուշարձանագետ, փորձագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց «Հայկական շահերի պաշտպանությունը հայկական պատմական ժառանգության պահպանման համատեքստում» զեկույցը:
Բանախոսը տեսաշարի միջոցով ներկայացրեց հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ում: Նա նաև անդրադարձավ Վրաստանում և Իրանում հայկական մշակութային ժառանգության վիճակին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեհաճ վերաբերմունքը հայկական հուշարձանների վերականգմնան և պահպանման հարցում:
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը զեկուցեց «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» թեմայով:
Նա տեսաշարի միջոցով ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված նյութական և ոչ նյութական հայկական արժեքները:
Նիստի ավարտից հետո բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:
Երիտասարդները շրջայց կատարեցին Կոմիտասի անվան պանթեոնում, ծանոթացան տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին:
Հավաքի երրորդ օրվա ավարտից հետո մասնակիցները «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում դիտեցին ֆիլմեր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում