Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ավարտում է 8 տարի ընթացող պեղումները

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը  ավարտում է 8 տարի ընթացող պեղումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օրից կավարտվեն հայ-ֆրանսիական արշավախմբի՝ Էրեբունի ամրոցում իրականացվող 8-ամյա պեղումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

«Երկու փուլից բաղկացած այս պեղումները նախ եւ առաջ կարեւոր էին հենց զուտ հնագիտական հետազոտությունների տեսանկյունից, որտեղ հնագետները հանդես են գալիս նոր գիտական բացահայտումներով: Բացի դրանից, կարեւոր էր նաեւ ֆրանսիական մի շատ կարեւոր հնագիտական կառույցի հետ համագործակցությունը: Թերեւս, որպես ոչ պակաս կարեւոր  հանգամանք կառանձնացնեի մեր հարեւան երկրի՝ Իրանի մասնակցությունը պեղումներին, ինչը արշավախումբը դարձրեց ավելի միջազգային»,- ասաց նա:

Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի խոսքով՝ պեղումների շնորհիվ հնարավոր եղավ լուծում տալ մի շարք խնդիրների եւ հարցադրումների:

«Պեղումները հիմնականում կենտրոնացած են Խալդի աստծո տաճարում եւ հարակից տարածքներում: Մեզ համար կարեւոր էր շեշտադրումը դնել հատկապես հետուրարտական ժամանակահատվածի վրա, քանի որ անընդմեջ խոսում ենք Էրեբունիում ուրարտական պատմության, կառույցների մասին, սակայն թե ինչպե՞ս կործանվեց ուրարտական պետությունը, եւ դրանից հետո ի՞նչ եղավ, մենք տեղեկություն չունեինք:  Իսկ այդ պեղումները մեզ շատ լուրջ տեղեկություններ են հաղորդում այդ շրջանի մասին, որի ընթացքում կազմավորվել է նաեւ հայկական Երվանդյան թագավորությունը»,- ընդգծեց Միքայել Բադալյանը:

Թերեւս, այս 8 տարվա ամենակարեւոր բացահայտումներից մեկը, նրա խոսքով, Երեւանի ամենահին փողոցի բացահայտումն է:

«Այն բավականին գեղեցիկ  խճաքարերով փողոց է՝ ընդհանուր առմամբ 30 մետր երկարությամբ, գտնվում է Խալդի աստծո տաճարի արեւմուտքում: Այն եզակի է իր տեսակի մեջ, քանի որ դեռ չենք ֆիքսել նման կառույց ուրարտական այլ հուշարձաններում: Այն կարող է նոր մանրամասներ հաղորդել Էրեբունու պատմության կարեւոր մի փուլի մասին:   Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այն պետք է, որ թվագրվի մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսը»,- ասաց նա:

Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը կարեւորում է հայ-ֆրանսիական համագործակցությունը փորձի, նոր մեթոդների փոխանակման տեսանկյունից, որում մեծ դեր ունի նաեւ իրանցի գործընկերների հետ համագործակցությունը:

«Ինչպես գիտեք, Էրեբունիում նախկինում պեղումներ են իրականացվել Կոնստանտին Հովհաննիսյանի գլխավորությամբ, եւ այս առումով շատ դժվար էր պեղումներ իրականացնել արդեն պեղված մի տարածքում: Սակայն սա մի մարտահրավեր էր մեզ համար, եւ մեր նպատակներից մեկն էր ֆիքսել նոր տվյալներ, նոր ժամանակագրություն: Այս ընթացքում մեր կատարած բացահայտումները լիովին փոխեցին մեր պատկերացումները Էրեբունու նախնական շրջանի պատմության վերաբերյալ»,- ասաց ֆրանսիացի հնագետը:

Արշավախումբը տեղեկացրեց հետագայում աշխատանքները շարունակելու, երրորդ փուլն սկսելու հավանականության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]