Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարարվեստի նվիրյալը

Պարարվեստի նվիրյալը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պարուսույց Քրիստինե Հովհաննիսյանն օրերս արժանացավ «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնի դափնեկրի կոչման։ Դա, իհարկե, Քրիստինեի առաջին մրցանակը չէր։ Նա քանիցս հաղթող է ճանաչվել միջազգային տարբեր մրցույթներում։ Այս պարգևը նրա մասին պատմելու լավ առիթ է։ Խոստովանեմ, որ նման նյութ գրելու գաղափարն իմ մեջ ծագել էր ավելի վաղ՝ մինչև նրա դափնեկրի կոչմանն արժանանալը։ Շիրակացու ճեմարանում իմ աշխատասենյակը գտնվում է հանդիսությունների դահլիճի բեմի հարևանությամբ։ Դա ինձ հնարավորություն է տալիս երբեմն-երբեմն սենյակում նստած ունկնդրելու զանազան միջոցառումների«ռեպորտաժները»։ Հավատացնում եմ, երաժշտության ներքո ստեղծագործելը հաճելի է։

Մի անգամ նման մի «համերգ»գրավեց ուշադրությունս։ Ես գիտեի, որ որոշակի օրեր դահլիճում իր պարապմունքներն է անցկացնում ճեմարանի պարի ուսուցչուհին՝ Քրիստինե Հովհաննիսյանը, ով երեխաներին սովորեցնում է ժողովրդական պարեր։ Բնական է՝ պետք է հնչեն նաև մեր ազգային կամ այլ ժողովուրդների պարեղանակներ։ Այս անգամ իմ ականջին հասան Արամ Խաչատրյանի ՙՍպարտակ՚ բալետի մեղեդիները։ Անմիջապես գնացի դահլիճ։ Մոտ երկու տասնյակ ճեմարանականներ հանգիստ նստել էին դահլիճում և համակ ուշադրությամբ դիտում էին էկրանին ցուցադրվող «Սպարտակ» բալետը։ Այնտեղ էր նաև պարուսույցը։

   Իմ այն հարցին, թե ի՞նչ միջոցառման են երեխաները նախապատրաստվում, Քրիստինե Հովհաննիսյանն ասաց.

   - Ոչ մի միջոցառման էլ չենք պատրաստվում։ Պարզապես պարի դաս է։ Ես շատ եմ ուզում, որպեսզի մեր երեխաները հաղորդակից լինեն նաև դասական երաժշտությանը։ Դրա համար էլ մեր այսօրվա դասի մի մասը նվիրել ենք Արամ Խաչատրյանի անմահ երաժշտության ունկնդրմանը, «Սպարտակ» բալետին ծանոթանալուն,- ասաց պարուսույցը։

   - Իսկ դա նախատեսվա՞ծ է ուսումնական ծրագրով, թե՞ …

   - Իհարկե, ՙթե՚…Դա իմ նախաձեռնությունն է։ Ես ուզում եմ մեր սաներին մոտեցնել դասական երաժշտության գոհարներին, թեև գիտեմ, որ այդ բանն արվում է երաժշտության դասի ժամերին։ Այսօր իմ սաներն էկրանին տեսան ՙՍպարտակը՚, հաջորդ անգամ նրանք կծանոթանան Չայկովսկու «Կարապի լիճը» բալետին,-պատասխանեց Քրիստինե Հովհաննիսյանը։- Ծրագրում նախատեսել ենք նաև ծանոթանալ Խաչատրյանի «Գայանե», Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել», Չայկովսկու«Շչելկունչիկ» բալետներին: Յուրաքանչյուր ներկայցման ցուցադրումից առաջ ես երեխաներին ծանոթացնում եմ բալետների լիբրետոներին, դրանց ստեղծման պատմությանը։ Հաճախ երեխաներն էկրանի վրա այս կամ այն ներկայացումը դիտելուց հետո ծնողներին խնդրում են իրենց տանել օպերայի և բալետի թատրոն, որպեսզի իրենց հավանած բալետը տեսնեն արդեն բեմում։ Պատկերացրեք, թե ինչպիսի ոգևորությամբ են երեխաները թատրոն գնալու հաջորդ օրը պատմում իրենց տպավորությունների մասին։ Այդ պահին ես ինձ երջանիկ եմ զգում։

   …Քրիստինե Հովհաննիսյանն ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, ապա նաև՝ թատերական ինստիտուտի բալետմեյստերական ֆակուլտետը գերազանցությամբ։ Նա եղել է բալետի նվիրյալներից մեկի՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի աշակերտը։ Աշխատել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, ապա՝ Ա. Ղարիբյանի անվան ՙԿռունկ՚ ամսամբլում, իսկ 2002 թվականից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Կիզիրյանի հիմնադրած ՙԳեղարդ՚ անսամբլում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում։ Մասնավորապես, ՙԳեղարդ՚ անսամբլի կազմում նա իր արվեստը ցուցադրել է Իտալիայում և  Հունգարիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, Բելգիայում և Հոլանդիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ալժիրում և այլուր։ Եվ ամենուրեք արժանացել է ամենաջերմ ընդունելության, շահել բազմաթիվ մրցանակներ։

  2007 թվականից Քրիստինե Հովհաննիսյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պարուսույցն է, որտեղ ոչ միայն պարի դասեր է տալիս, այլև ղեկավարում է պարի ստուդիան, սովորեցնում է հայկական, աշխարհի շատ ժողովուրդների ազգային պարեր, երեխաներին հաղորդակից դարձնում գեղեցիկի աշխարհին։

   Ահա այսպիսին է ճեմարանականների սիրելի պարուսույցը, իր գործի նվիրյալը, ով չի սիրում պատմել իր հաջողությունների մասին։

    -Իմ ամենամեծ հաջողությունն իմ սաների երջանիկ ժպիտն է, ուրախ տրամադրությունը,- ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։

    Մեզ մնում է միայն հետագա հաջողություններ մաղթել միշտ ժպտերես պարուսույցին։

 

Լևոն Ազրոյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]