Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կստանա իր նախկին պատմաճարտարապետական տեսքը

Մարտունի  քաղաքի  Սուրբ Աստվածածին եկեղեցին  կստանա  իր  նախկին պատմաճարտարապետական  տեսքը

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներից հետո կունենա պատմաճարտարապետական այն նույն տեսքը, ինչպիսին ունեցել է 1886 թվականին կատարված վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներից հետո:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, եկեղեցու հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները մեկնարկել են արդեն երեք շաբաթ՝ Մարտունու քաղաքապետարանի միջոցներից ներդրված 4 միլիոն դրամի հաշվին: «Եկեղեցին վերակառուցվում եւ հիմնանորոգվում է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի նախաձեռնությամբ: Նախագծանախահաշվային արժեքը կազմում է մոտ 82 միլիոն դրամ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացել ենք «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիմնադրամ, որտեղ հանգանակություն են կատարում տեղում կամ արտերկրում ապրող մարտունեցի բարեգործները: Հանգանակված գումարները կուղղվեն եկեղեցու ամբողջական վերականգնմանը, ինչի արդյունքում վերջապես մեր քաղաքը կունենա նորանորոգ եւ գործող հավատի տուն»,- նշեց քաղաքապետի տեղակալը: Շինարարական աշխատանքների մեկնարկից ի վեր ամբողջությամբ վերցվել է եկեղեցու պանելային առաստաղը եւ շիֆերի ծածկը, հեռացվում են բետոնային սյուների եւ այլ շինությունների մասերը, որոնք խորհրդային տարիներին իր ունեցած սուղ ֆինանսական միջոցներով կառուցել կամ տեղադրել է Մարտունի քաղաքի բնակիչ, մանկավարժ, բնակչության շրջանում բարեպաշտ մարդու համբավ ունեցող Ավետիք Մոմճյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, Ավետիք Մոմճյանի կողմից 1980-ական թվականներին իրականացված բարեգործական աշխատանքները չեն պահպանել եկեղեցու նախկին պատմաճարտարապետական տեսքը, այլ հարմարեցվել են ըստ նրա ունեցած հնարավորությունների եւ կիսավեր շինությունը հետագա քայքայումից փրկելու բարի ցանկությանը: «Եկեղեցին ունեցել է փայտյա ծածկ եւ քարե սյուներ, մուտքի առջեւ՝ քարե զանգակատուն՝ 2,5X3 մետր մակերեսով: Ավետիք Մոմճյանը խորհրդային անաստվածության տարիներին քաղաքի գլխավոր, բայց լքված հավատի տունն ու պատմաճարտարապետական հուշարձանը հետագա փլուզումից փրկելու համար իր միջոցներով տեղադրել է բետոնե սյուներ, ամրաններ, պանելային ու շիֆերի ծածկ, երկաթյա գմբեթ, արել է օժանդակ կցակառույցներ: Հիմա, ըստ նոր նախագծի, ամբողջությամբ հեռացվում են ծածկն ու առաստաղը, բոլոր օժանդակ կցակառույցները, երկաթբետոնե շինության մասերը, եւ վերակառուցվում են խորանը, պատերը, տանիքը, իսկ մուտքի մոտ կառուցվում է քարե զանգակատուն, որով եւ Սուրբ Աստվածածինը վերստանում է 1886 թվականի նորոգման ժամանակ ունեցած պատմաճարտարապետական տեսքը: Հատակը եղել է սալապատված եւ նույնությամբ էլ պահպանվել է, ուստի այն նորոգելու կարիք չկա: Եկեղեցին գործել է մինչեւ 1930-ական թվականները, ինչից հետո այն վերածվել է կոլտնտեսության սերմացուի պահեստի, ապա լքվել նախորդ դարի 60-ական թվականներին: Ավետիք Մոմճյանի բարենորոգումներից հետո եւ նրա անմիջական նախաձեռնությամբ այն բացվել ու գործել է նախորդ դարի վերջերից, սակայն ճարտարապետական անշուք տեսքը պարտադրում էր անհապաղ վերակառուցում եւ հիմնանորոգում: Վերակառուցումն ու հիմնանորոգումը կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ  համագործակցությամբ»,-նշեց Նորիկ Հազեյանը:

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: «1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները: Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հնարավոր կլիներ ճշտել միայն շինարարական արձանագրության պահպանման դեպքում, որը, սակայն, առայժմ չի գտնվել: Բայց խաչքարերի միջնադարյան թվագրումը փաստում է, որ եկեղեցին կառուցված է եղել եւ գործել է շատ ավելի վաղ ժամանակներում»,-ներկայացրեց Նորիկ Հազեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]