Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հայ համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում Ուկրաինայում


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հայ համայնքն ունի ավելի քան 1000-ամյա պատմություն: Հայերը նշանակալի դերակատարություն են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ: Այս մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որոնց անբաժանելի մաս են կազմում բազմաթիվ եկեղեցիները և հուշարձանները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Օդեսայում լույս տեսնող «Հայկական լրատու» թերթի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, Ուկրաինայում հայ համայնքը շարունակում է իր ակտիվ գործունությունը:

«Այսօր Ուկրաինայում ապրում է մոտ կես միլիոն հայ, և ձևավորվել են հայկական 26 տեղական համայնքներ: Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Օդեսայի, Խարկովի, Լվովի, Կիևի համայնքները: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի և պարի խմբակներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, տպագրվում են թերթեր, նկարահանվում են փաստագրական ֆիլմեր: Միայն «Հայկական լրատու» թերթն ունի 10 հազար տպաքանակ, որտեղ զետեղվում են ռուսերեն, ուկրաիներեն և հայերեն հոդվածներ: «Հայկական լրատու»-ն զուգահեռ հայերեն լեզվով տպագրել է ընտրանի-գրքեր, որտեղ տեղ են գտել  քրիստոնեությանը, հայկական սփյուռքին, Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմաներ»,- ասաց Մեդեա Աթյանը:

Նա նշեց, որ Ուկրաինայի հայ համայնքն իր գործունությունը ծավալում է նաև Արևմտյան Եվրոպայում: «2012 թվականին Եվրոխորհրդարանում կայացավ «Հայկական լրատու»-ի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրախորհրդարանի պատգամավորներ, հանձնակատարներ, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարներ: Նրանց ներկայացրեցինք հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, գրականությունը և ճարտարապետությունը»,- ասաց Աթյանը:
«Հայկական լրատու»-ի գլխավոր խմբագիրը նշեց նաև, որ հայ  ժողովուրդն առանձնանում է իր աշխատասիրությամբ և տաղանդով:
«Ես շատ եմ շրջել եվրոպական երկրներով և հանդիպումներ եմ ունեցել այնտեղի հայերի հետ և եկել եմ այն եզրակացության, որ հայ մարդն առանձնանում է իր աշխատասիրությամբ և տաղանդով: Տվյալ երկիրը դառնում է հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ նրանք կառուցում են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հուշարձաններ»,- եզրափակեց Աթյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ