Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Հարազատ քաղաքում հիշեցին ուրախ ու տխուր մարդուն

Հարազատ քաղաքում հիշեցին ուրախ ու տխուր մարդուն

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարազատ քաղաքում  կրկին հիշեցին ուրախ ու տխուր մարդուն: Հուլիսի 4-ին  լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի 86-ամյակը: Ֆրունզիկի (նա ժողովրդի մեջ այս անունով ավելի էր ընդունված ) ձեւավորման վրա իր ուրույն տեղն է ունեցել հայրենի քաղաքը: Դերասանի մեծ սերը թատրոնի հանդեպ արթնացել է հենց այստեղ՝ մանկության տարիներին: Մհեր Մկրտչյանը թատրոնի եւ կինոյի երկրպագուների հիշողության մեջ մնացել է որպես տրագիկոմիկ դերասանի վառ մարմնացում՝ թեև շատերը նրա մեջ նկատում էին միայն կատակերգակի շնորհը:

Մհեր Մկրտչյանը միշտ տոն է: Նրան հիշում ու երկրպագում են բոլորը: Ֆրունզն այն մարդկանցից է, ում մոռանալ չի լինի, պարազապես, երբ նշվում է ծննդյան օրը,   մի փոքր ավելի մասսայական միջոցառումներն ու ծաղիկներն են շատ լինում ի նշան իր վաստակի:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մշակույթի և արվեստի ներկայացուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները ևբազմաթիվ գյումրեցիներ նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն հայորդու արձանի մոտ, ապա ոտքով բոլորը շարժվեցին Մհեր Մկրտչյանի տուն- թանգարան,  մասնակցեցին կինոդիտմանը:

Սիրված դերասանն իր ուրույն ձեռագիրն է թողել ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում. չկա մի ֆիլմ, որտեղ Ֆրունզիկը չառանձնանա իր խաղով, իսկ այդ ամենը սկսվեց, երբ  1959 թ. ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում« որտեղ էլ Մհերը ստեղծեց մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Տակավին երիտասարդ դերասանը հենց այս ֆիլմով շատերի համար «բացահայտվեց», հետո եղան նաև մյուսները: Բարձր մասնագիտացումը, կերպարային  դիմագիծն  ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։

Ֆրունզին չսիրել, չհիշել ու չհարգել հնարավոր չէ՝ դրա վառ վկայությունը թանգարանի այցելուների թիվն է՝ վստահեցնում է Մհեր Մկրտչյանի տուն- թանգարանի տնօրեն Շողիկ  Մելքոնյանը:   Սիրված դերասանի ծննդյան օրն առավել քան մարդաշատ է թանգարանում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատարկաձեռն չէր եկել. նա թանգարանին նվիրեց դերասանի դիմանկարով հուշատախտակ, իսկ ամենահուզիչը՝ Ֆրունզիկի ամենափոքր երկրպագուն էր՝ 11-ամյա Գևորգ  Պապոյանը, ով, ինչպես նշեց թանգարանի տնօրենը,  միշտ այցելում  է թանգարան ու ծաղիկներ բերում Ֆրունզիկին: Փոքրիկ երկրպագուն, ով ոգևորված Ֆրունզի խաղով ևս որոշել է դերասան դառնալ ու արդեն հասցրել է Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված մի շարք  ներկայացումներում խաղալ, Մհեր Մկրտչյանին այդ օրը, ծաղիկներից բացի, կիթառի երաժշտություն նվիրեց:

«Մհեր Մկրտչյանը ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց նրա հոգևոր դաշտը միշտ մեզ հետ է»,-նշում է Շողիկ Մելքոնյանը՝ «Արմենպրես»-ին վստահեցնելով, որ թանգարանը պարբերաբար  համալրվում է արժեքավոր ցուցանմուշներով. վերջին և անչափ արժեքավոր ցուցանմուշ թանգարանին նվիրել է Մհեր Մկրտչյանի ընկերը՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի նախկին տնօրեն Էդիկ Պողոսյանը. 50- ականների վերջերին տայգայի փայտահայտները ծառի բնի մեջ պատահաբար հայտանբերել են կերպար, որը բնականից բոլորը նմանեցրել  են Մհեր Մկրտչյանին: Բնության կերտած այդ դիմաքանդակը տեսնելուց հետո տայգայի փայտահատները անմիջապես  «ճանաչել» են դերասանին, հատել այդ հատվածը և ուղարկել  Գյումրի:  «Սա  Մհեր Մկրտչյան դերասանի ճանաչման ու նրա նկատմամբ մեծ  սիրո  վառ ապացույցն է»,- նշեց թանգարանի տնօրենը՝ փաստելով, որ հուլիսի վերջերին թանգարանը նշելու է գործունեության 10-ամյակը, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ