Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/19. Ֆոենկինոսի «Շարլոթ»-ը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 4/19. Ֆոենկինոսի «Շարլոթ»-ը վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «100 տարվա մենություն» վեպը: Այն ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Սա Գաբրիել Գարսիա  Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Երկրորդ տեղում Պաոլու Կոելյոի «Աքրայում գտնված ձեռագիրը» ստեղծագործությունն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ երրորդն է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» կրկին չորրորդ տեղում է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Հինգերորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեցերորդ հորիզոնականում է: Վեպը Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Մարիո Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը և այցելուների ջոկատը»  յոթերորդ տեղում է: Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն վերադարձել է վարկանիշային ցուցակ և այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է:

Վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է հայտնվել Դավիդ Ֆոենկինոսի «Շարլոթ»-ը: Այս վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում. նա հղի էր: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ «Կյա՞նք, թե՞ թատրոն»: Վեպը ֆրանսերենից թարգմանել է Նվարդ Վարդանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Տասներորդ տեղում այս անգամ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 9
2 *

Պաոլու Կոելյո

«Աքրայում գտնված ձեռագիրը»

Անտարես 7
3 +3

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոցը»

Անտարես 6
4 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
5 +3

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
6 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
7 *

Մարիո Վարգաս Լյոսա

«Պանտալեոնը և այցելուների ջոկատը»

Անտարես 6
8 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 6
9 նոր

Դավիդ Ֆոենկինոս

«Շարլոթ»

Անտարես 5
10 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]