Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/17. Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 4/17. Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը վարկանիշային 
աղյուսակում 
է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Վեպը Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Երկրորդ հորիզանականում գտնվող  «100 տարվա մենություն» վեպը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն Գաբրիել Գարսիա  Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ երրորդ տեղում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը, ինչի արդյունքում հերոսը գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ հակաուտոպիական վեպը չորրորդն է վարկանիշային աղյուսակում: 1949 թ.հրատարակված  այս վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ Վեպում պատկերված է ալտերնատիվ արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների մասին։

Հինգերորդ տեղում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Վեցերորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին:  Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն  2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ: 

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ իջել է յոթերորդ հորիզոնական: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ութերորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ իններորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Վարկանիշային աղյուսակի տասներորդ տեղում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2013) Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին»  գիրքն է, որում 15 լեզուներով ամփոփված են գրողի խոհերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 13
2 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 9
3 0

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոցը»

Անտարես 8
4 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
5 նոր

Խորխե Լուիս Բորխես

«Բաբելոնյան գրադարան»

Անտարես 5
6 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 6
7 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 6
8 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
9 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
10 -9

Լևոն Անանյան

«Նամակ թուրք գրողին»

Ապոլոն 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]