Երևանյան բեսթսելեր 4/16. Ընթերցողների հետաքրքրությունն էքզիստենցիալ գրականության նկատմամբ աճում է
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2013) Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» գիրքն է, որում 15 լեզուներով ամփոփված են գրողի խոհերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:
Երկրորդ տեղում «Արեգ» հրատարակչության լույս ընծայած` Գուրգեն Եղիազարյանի «Գայլի հանգույց գործողություն» վեպն է: Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ն այս շաբաթ արդեն երրորդ տեղում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Չորրորդում Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գործն է: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա:Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով,մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:
Մարիո Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» հինգերորդն է: Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:
«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Յոթերորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են,սակայն 2014ն թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ ութերորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:
Իններորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» վերջին տեղում է։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1988 թվականին։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է շուրջ 67 լեզուներով և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես հեղինակի կենդանության օրոք ամենաշատ թարգմանված գիրք: Վեպում Ալքիմիկոսը հետևում է երիտասարդ հովիվ Սանտիագոյին, ով ճանապարհորդում է դեպի Եգիպտոս` գտնելու իր երազանքների գանձը։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» |
Ապոլոն | 17 | |
2 | նոր |
Գուրգեն Եղիազարյան «Գայլի հանգույց գործողությունը» |
Արեգ | 14 | |
3 | +1 |
Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոցը» |
Անտարես | 8 | |
4 | +2 |
Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» |
Զանգակ | 7 | |
5 | * |
Մարիո Վարգաս Լյոսա «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» |
Անտարե | 7 | |
6 | -4 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 7 | |
7 | -4 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 6 | |
8 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
9 | -1 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 6 | |
10 | * |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում