Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/16. Ընթերցողների հետաքրքրությունն էքզիստենցիալ գրականության նկատմամբ աճում է

Երևանյան բեսթսելեր 4/16. Ընթերցողների հետաքրքրությունն էքզիստենցիալ 
գրականության նկատմամբ աճում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2013) Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» գիրքն է, որում 15 լեզուներով ամփոփված են գրողի խոհերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

Երկրորդ տեղում «Արեգ» հրատարակչության լույս ընծայած` Գուրգեն Եղիազարյանի «Գայլի հանգույց գործողություն» վեպն է: Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ն այս շաբաթ արդեն երրորդ տեղում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Չորրորդում Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գործն է: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա:Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով,մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:

Մարիո Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը և այցելուների ջոկատը»  հինգերորդն է: Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Յոթերորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին:  Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են,սակայն  2014ն թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ: 

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ ութերորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Իններորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» վերջին տեղում է։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1988 թվականին։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է շուրջ 67 լեզուներով և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես հեղինակի կենդանության օրոք ամենաշատ թարգմանված գիրք: Վեպում Ալքիմիկոսը հետևում է երիտասարդ հովիվ Սանտիագոյին, ով ճանապարհորդում է դեպի Եգիպտոս` գտնելու իր երազանքների գանձը։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Լևոն Անանյանի

«Նամակ թուրք գրողին»

Ապոլոն 17
2 նոր

Գուրգեն Եղիազարյան

«Գայլի հանգույց գործողությունը»

Արեգ 14
3 +1

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոցը» 

Անտարես 8
4 +2

Խալեդ Հոսեյնի

«Եվ արձագանքեցին լեռները»

Զանգակ 7
5 *

Մարիո Վարգաս Լյոսա

«Պանտալեոնը և այցելուների ջոկատը»

Անտարե 7
6 -4

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 7
7 -4

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 6
8 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
9 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
10 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]