1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում ինքնուրույնությունից. Կորյուն Նահապետյան

ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգի ձևավորումը  Հայաստանին չի զրկում  
ինքնուրույնությունից. Կորյուն Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի  ձևավորումը որևէ կերպ Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության համակարգերը կառավարելու ինքնուրույնությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով համաձայնագրի վերաբերյալ հնչող մտահոգություններին: «Մենք ձևավորում ենք կովկասյան տարածաշրջանում միավորված հակաօդային պաշտպանության համակարգ: Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չունի հակաօդային պաշտպանության համակարգ, և մենք կորցնում ենք մեր համակարգը կառավարելու ինքնուրույնությունը: Միավորված համակարգի ձևավորումը նպաստելու է, որպեսզի մենք առավել ամրապնդենք և բարձրացնենք մեր պաշտպանունակությունը: Սա պետք է դիտարկել մեր պաշտպանական համակարգի լրացուցիչ միավոր և պետք չէ հակասություններ փնտրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Դիտարկմանը, թե համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի վերահսկողությունն ամբողջությամբ տրվելու է Ռուսաստանին, Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ նման բան չկա: «Որևէ կերպ չպետք է ընդունել այդ մտահոգությունը, որովհետև մենք չենք հանձնում Ռուսաստանին: Սա փոխշահավետ համաձայանգիր է, երկու պետությունների շահերին համապատասխանում է, և մենք պետք է դիտարկենք Հայաստանի ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, թե որքանով է այս համաձայնագիրը նպաստելու մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը: Պետք է վստահեցնեմ, որ մենք այս ժամանակահատվածում բազմաթիվ այցեր ենք իրականացրել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի տարբեր ստորաբաժանումներ, դիտարկումներ ենք իրականացրել: Այս համակարգում մենք ունենք զգալի ձեռքբերումներ: Այն, ինչ մենք հիմա անում ենք, դրանով առավելապես բարձրացնում ենք մեր պաշտպանունակությունը և որևէ կերպ չենք կորցնում մեր ինքնուրույնությունը»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա հավելեց, որ պետք է նկատի ունենալ համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները, որոնք վերաբերում են միավորված ուժերի անմիջական հրամանատարության իրականացմանը: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են իրականացնելու անմիջական հրամանատարությունը: Եվ գործողությունների իրականացման իմաստով ևս կա համապատասխան կարգավորում, որն ամբողջությամբ բխում է մեր շահերից»,- ասաց Նահապետյանը:

Հարցին, թե  ո՞վ է վերահսկելու հակաօդային պաշտպանության համակարգը պատերազմի դեպքում, Նահապոետյանը պատասխանեց. «Հակաօդային պաշտպանության համակարգերը լիարժեք օգտագործելու առումով կան հստակ մեխանիզմներ, երբ Հայաստանի զինված ուժերն ունեն անմիջական հրամանատարություն իրականացնելու լիազորություններ, իսկ Հայաստանն այդ լիազորությունների շրջանակներում իրականացնելու է իր քայլերը»:

Նա հստակեցրեց, որ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի մասին խոսք չի գնում, և խոսքը միայն Հայաստանի օդային տարածքի մասին է: «Այնտեղ տարածաշրջանի մասով գոտիավորման հետ կապված համապատասխան կարգավորումներ կան: Բնականաբար, ուղղակիորեն հիշատակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի մասին չկա՝ հաշվի առնելով, որ մյուս կողմը, նման քայլի գնալով, արդեն իսկ կճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, և մենք հույս ունենք, որ մոտ ժամանակահատվածում տարբեր պետություններ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Հարցին՝ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումից հետո հնարավո՞ր է, որ Հայաստանի տարածքում տեղակայվեն С-300 համակարգեր, Նահապետյանը պատասխանեց. «Եկեք ես շատ ընդլայնված պարզաբանումներ չտամ: Դուք էլ պետք է հասկանաք, որ կան նաև որոշակի տվյալներ, որ ճիշտ չէ, որ մենք նման տեղեկատվություն տարածենք: Կարծում եմ, որ դուք էլ պետք է այս հարցերում ողջամիտ մոտեցում ցուցաբերեք»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]