Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 01.06.2016

Սպասվող լրահոս. 01.06.2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հունիսի 1-ն է, Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ-ին: 

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից  հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Օրը տոնական է, սպասվող միջոցառումները` նույնպես: Ավանդույթի համաձայն հունիսի 1-ին Ազգային ժողովում գլխավոր հյուրերը կլինեն երեխաները: ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կայցելի «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ:

Տոնական միջոցառում է սպասվում նաև ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

Հայաստանի ֆիլատելիստական միության անմիջական աջակցությամբ կբացվի ֆիլատելիստական ցուցահանդես` նվիրված Հանրապետության օրվան և Հայաստանի առաջին Հանրապետության 98-րդ տարեդարձին: Հայաստանի փոստային ազգային օպերատորը հատուկ այս առիթով թողարկելու է Առաջին օրվա դրոշմակնիք և հատուկ բացիկ, որի պաշտոնական մարումը տեղի կունենա հունիսի 1-ին:

Տոնական շունչը կթևածի նաև Երևանի Սիրահարների այգում, որտեղ կանցկացվի «Երեխաների ձայնը» խորագրով միջոցառումը։ Ներկա կլինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել սեմինարների, այցելել վրանային ցուցահանդեսներ, ծանոթանալ երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող տարաբնույթ  ծրագրերին, քննարկել երեխաների խնդիրներն ու իրավունքները:

Հյուսիսային պողոտայում            կկայանա Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդեսը: Փառատոնն իր բնույթով բարեգործական է` լի մշակութային տարրերով և զվարճանքներով: Միջոցառման ընթացքում ընկերությունների տաղավարների մոտ երեխաներին սպասվում են բազում անակնկալներ և հետաքրքրաշարժ խաղեր, որոնք օրն ավելի հետաքրքիր կդարձնեն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]