Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից. Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետարանի ծախսերի մասին

Պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից. Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետարանի 
ծախսերի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում բյուջետային միջոցների խնայողաբար օգտագործումը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Դա բխում է համայնքի շահերից: Մենք հիմա էլ ենք գնում խնայողության: 26 ծառայողական մեքենաների կրճատման խնդիրն արդեն լուծվում է: Դրանք սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում են պաշտոնատար անձանց, փակ բաժնետիրական ընկերությունների: Այդ քայլն արդեն արված է: Մենք բավականին զուսպ ենք մեր ծախսերի մեջ: Պետք է ասեմ նաև, որ ոչ մի կրճատում չի կարող լինել ինքնանպատակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արեյանը:

Նա ընդգծեց, որ ցանկացած կառույց պետք է ունենա այնպիսի կառուցվածք և մասնագիտական աշխատակազմի այնպիսի թվաքանակ, որով հնարավոր կլինի լիարժեք իրականացնել պարտականություններն ու լիազորությունները: «Եթե ինքնանպատակ կրճատումների ես գնում, դա ուղղակի խաթարում է ծառայության որակն ու արդյունավետությունը: Դրա համար մեր կառուցվածքը համահունչ է այն լիազորություններին և պարտականություններին, որոնք ամրագրված են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքին և որոնք պարտավոր է իրականացնել Երևանի քաղազքապետը՝ որպես Երևանի ինքնակառավարման մարմին: Իսկ այդ խնդիրը լուծում են ֆինանսները և համապատասխան անձնակազմը: Եթե չկա այդ գործիքը, նա չի կարող կատարել իր ֆունկցիաները, նա չի կարող կատարել իր պարտականությունները և ծառայել քաղաքին: Դրա համար մենք այսօր ունենք ստեղծած վարչություններ ու բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է իր ոլորտը»,- ընդգծեց Կամո Արեյանը:

Նա վստահեցրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում այս պահին ավելորդ հաստիքներ չկան: Նրա խոսքով՝ այն անձնակազմը, որ կա քաղաքապետարանում, շատ դեպքերում նույնիսկ չի էլ բավարարում:

Անդրադառնալով քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ հարցին՝ Կամո Արեյանը նշեց, որ իրենք երբեք շռայլություններ թույլ չեն տվել: «Այսուհետև էլ լինելու ենք զուսպ, բյուջեի հնարավորությունների սահմաններում աշխատելու ենք հավասարակշռված և արժանապատիվ: Դրանք անխուսափելի ծախսեր են և պետք է համահունչ լինեն բյուջետային հնարավորություններին, վնաս չտան բյուջեին: Մենք պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից: Սա է լինելու մեր սկզբունքը այս տարի էլ, գալիք տարիներին էլ»,- եզրափակեց Երևանի փոխքաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]