1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կոբալտ-2016» ՀԱՊԿ ոստիկանական ուժերը խաղարկեցին ահաբեկիչներին լիկվիդացնելու սցենարը

«Կոբալտ-2016» ՀԱՊԿ ոստիկանական ուժերը խաղարկեցին ահաբեկիչներին լիկվիդացնելու 
սցենարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոստիկանական ուժերը «Կոբալտ-2016» զորավարժութիունների ակտիվ փուլում խաղարկեցին ահաբեկիչներին լիկվիդացնելու սցենարը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ զորավարժության սցենարի՝ խաղարկվեց 6 մարտավարական դրվագ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Առաջին դրվագում հատուկ սոտորաբաժանումները սկսեցին տարածքում արտակարգ դրության ապահովման և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ: Ստեղծվում էին պահակախմբեր, պարեկախմբեր, իրականացվում էր մարտական հերթապահություն:

Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ժամանակ օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզության և զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշեց և ոչնչացրեց ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպաասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին և կանխել հակահարձակումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ: Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների  տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով:

Հինգերերոդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շենքի տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից և պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների  դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավորված դիվերսանտին հատուկջոկատայինները բուժօգնություն ցուցաբերեցին տեղում:

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրեցին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողությունը: «Կոբալտ-2016» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցում էր ավելի քան 600 մարդ, ներգրավված էր շուրջ 40 միավոր տեխնիկա:

Զորավարժության ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ զորավարժության նպատակն էր մշակել ոստիկանական այն ստորաբաժանումների գործողությունները, որոնք պատասխանատու են ահաբեկչական և զինված անօրինական խմբավորմումների լիկվիդացման համար: «Զորավարժության ընթացքում մեր կազմակերպության հատուկ նշանակության ստորաբաժանումներին հաջողվեց կասեցնել և ոչնչացնել գրոհայիններին: Այս զորավարժությունը ցույց տվեց, որ մենք ունակ ենք գործադրել համաձայնեցված մարտավարություն և ռազմավարություն՝ հանցագործության դեմ պայքարում: Մենք գիտակցում ենք, որ մեր գերատեսչությունների իրավապահ մարմինների առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գլոբալ առաջադրանք: Մեր հաջող գործողություններից է կախված մեր պետությունների և ժողովուրդների խաղաղ արարումը: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա զորավարժության մասնակիցներին և հույս հայտնում, որ հետագայում մենք կշարունակենք բազմակողմ և երկկողմ կապերը, կբարձրացնենք  համագործակցության արդյունավետությունը  մեր գերատեսչությունների  հատուկ նշանակության ջոկատների միջև: Շնորհակալ եմ ծառայության համար, սիրելի մարտիկներ: Պատիվ ունեմ լինել ձեզանից մեկը»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան իր խոսքում ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն ստեղծված է և գործում է միայն անդամ երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաև անվտանգության և կայունության գոտիներ ստեղծելու համար: «Այս ամենի համար կազմակերպությունը շատ լծակներ ունի: Դրանք են անդամ երկրների համատեղ արտաքին քաղաքական գործունեությունը, ներքին քաղաքական կյանքի կոորդինացումը, միջազգային հարթակներում անդամ երկրների ազգային շահերի պաշտպանությունը, համատեղ աշխատանքը անվտանգության ապահովման համար հստակ խնդիրների կարգավորման ուղղությամբ, սակայն միաժամանակ աշխարհում ստեղծվում են ահաբեկչական խմբավորումներ, աճում է հանցագործությունը: Եվ, ելնելով առկա միտումներից, ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը դառնում է ուժային պոտենցիալի ամրապնդումը: Այստեղ, զինված ուժերի հետ մեկտեղ, մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի գործունեությունը: Այսօր մենք ականատես եղանք մեր երկրների ներքին գործերի գերատեսչությունների հատուկ ստորաբաժանումների հերթական զորավարժությանը: Դրանք անցան հաջող, և մասնակիցների առջև դրված առաջադրանքները կատարվեցին մեծ վարպետությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար և հավատում, որ մենք հետագայում էլ կշարունակենք ակտիվորեն իրականացնել մեր առջև դրված խնդիրները հավաքական մակարդակով: Շնորհակալություն այսօրվա աշխատանքի համար, բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Բորդյուժան:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրամաններով պարգևատրվեցին զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողները, հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները:

Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերի և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները հանդես եկան ցուցադրական վարժություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]