Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանական ուժերի համատեղ «Կոբալտ-2016» զորավարժությունները

Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանական ուժերի համատեղ 
«Կոբալտ-2016» զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում տրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման օպերատիվ ուժերի զորավարժությունների մեկնարկը: «Կոբալտ 2016» զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ոստիկանության ստորաբաժանումները: Զորավարժություններին  կմասնակցի շուրջ 500 մարդ: Զորավարժություններին ներկա կլինեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների պատվիրակությունները՝ներքին գործերի փոխնախարարների գլխավորությամբ: Զորավարժությունների եզրափակիչ փուլին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ոստիկանապետ Վլադաիմիր Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ երկու ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները օրվա ընթացքում կանցկացնեն համատեղ հատուկ տակտիկական զորավարժություններ: «Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի ոստիկանության, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսասատանի ներքին գործերի նախարարությունների հատուկ նշանակության ուժերը: Զորավարժություններին մասնակցում են նաև Հայաստանի պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները՝ հատուկ ռազմական տեխնիկայի ներգրավմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ զորավարժությունների նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանության այն կառույցների վերապատրաստումն է, որոնց պարտականությունների մեջ է մտնում ահաբեկչական խմբերի բացահայտումը և լիկվիդացումը: «Կոբալտ- 2016» եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պատվիրակությունները՝ ներքին գործերի փոխնախարարների գլխավորությամբ: Կլինեն պատվիրակներ նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցից և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնից»,- եզրափակեց Հովհաննիսյանը՝ հայտարարելով զորավարժությունների մեկնարկի մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են անկացվում: «Նախիկինում մենք նման զորավարժություններ անցկացրել ենք Ռուսաստանի, մյուս պետությունների տարածքում, բայց Հայաստանում առաջին անգամ ենք անցկացնում: Այս զորավարժությունների յուրահատկությունը նրանում է, որ իրականացնում ենք սերտ համագործակցությամբ: Այսինքն, մենք որոշում ենք հիմնական առաջադրանքը, որը մեր իրավապահ մարմինների պայքարն է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ՝ զինված ուժերի հետ համագործակցությամբ: Մասնավորապես, այս զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի զինված ուժերը»,- ասաց Սեմերիկովը:

Նա հավելեց, որ զորավարժություններն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեն այն համատեքստում, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հանձնարարել են 2016թ. հատուկ ուշադրություն դարձնել խաղաղապահ առաքելությանը, ջանքեր ներդնել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու առումով: «Ահա այս քայլերն ենք մենք իրականացնում, և այս զորավարժությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր մարտական պոտենցիալի ամրապնդման առումով: Զորավարժությունների ընթացքում լուծվելու են շատ առաջադրանքներ: Մենք մայիսի 26-ին զորավարժությունների ակտիվ փուլում կցուցադրենք այդ ամենը, թե ինչպես են մեր ստորաբաժանումները գործելու»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, «Կոբալտ -2016» զորավարժությունների շտաբի ղեկավար Բակուր Աղաջանյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ համաձայն ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության  համատեղ միջոցառումների պլանի՝ մայիսի 24-26-ը անդամ երկրների հատուկ նշանակության ուժերի կազմավորմամբ  անց են կացվում համատեղ մարտավարական զորավարժություններ: «Զորավարժությունների նպատակն է հատուկ նշանակության ուժերի կողմից հատուկ օպերացիաների անցկացումը՝ զինվորական քանակակազմի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցելու է մինչև 500 մարդ, ներգրավված է լինելու զրահատեխնիկա, հատուկ տեխնիկա: Հայկական կողմից զորավարժություններին մասնակցում են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները, ոստիկանության զորքերը, փորձագիտական ուղեկցող գումարտակը, բուժվարչության աշխատակիցները, զինված ուժերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումը»,- նշեց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ զորավարժություններին ներգրավված է լինելու նաև 4 ուղղաթիռ, որոնցից երկուսը կլինեն մարտական, երկուսը՝ տրանսպորտային: Զորավարժությունների ակտիվ փուլը և փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]