Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վենետիկի բիենալեի ցուցահանդեսում Հայաստանը կներկայանա «Անկախ կենսապատկեր» խորագրով

Վենետիկի բիենալեի ցուցահանդեսում Հայաստանը կներկայանա «Անկախ կենսապատկեր» 
խորագրով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարը, տեղակայված լինելով Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում, հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայաստանյան տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 16:00-ին:

Հայկական տաղավարը կենտրոնանալու է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Վենետիկում կայանալիք 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ողջ ընթացքում մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր կփորձեն մեկնաբանել հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները։

Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:  

«Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»,- նշում է համադրող Սարհատ Պետրոսյանն իր համադրողական տեքստում:

Այս երևույթն առավել հատկանշական դարձավ 2000 թվականին ընդունված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի արդյունքում, որը մարդածին միջավայրի և դրա դրսևորումների կոնցեպտուալ սահմաններն էականորեն ընդարձակեց՝
համադրելով ձեռակերտ և բնական ժառանգության սահմանները ներկա բնապահպանական դիսկուրսի հետ։

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը, հանձին՝ Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և  «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության հետ։

«Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում՝  մայիսի 18-ին, Ե. Քոչարի անվան թանգարանում, ճարտարապետ և քաղաքաշինարար, համադրող Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում՝ Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]