1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչպես ճիշտ հասկանալ մարդուն. Եգոր և Իրինա Կարոպաները` էնեագրամայի մասին

Ինչպես ճիշտ հասկանալ մարդուն. Եգոր և Իրինա Կարոպաները` էնեագրամայի մասին

ԵՐԵՎԱՆ,16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աճի վեկտոր» ուսուցման և զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիրներ, էնեագրամայի մի շարք կրթական ծրագրերի հեղինակներ Եգոր և Իրինա Կարոպաները Հայաստանում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նեյրոլեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ), էնեագրամայի, HR-քոուչինգի դասընթացավարները խոստովանում են, որ առաջին անգամ են մեր երկրում և զարմացած են նրա գեղեցկությամբ և հնությամբ: Եգոր և Իրինա Կարոպաները մեր երկրում էնեագրամային առնչվող դասընթացներ անցկացրին ու մեզ հետ զրույցում պատմեցին արդյունքների, «Աճի վեկտոր» կենտրոնի և այն մասին, թե ինչպես էնեագրաման դարձավ նրանց կյանքի անբաժանալի մասը:

-Ինչպե՞ս է անցել թրեյնինգը, ինչպիսի՞ն է խումբը:

Եգոր Կարոպա- Շատ լավ, շատ ջերմ մարդիկ են, ում հետաքրքիր է նոր գիտելիքներ, հմտություններ սովորել: Դրա համար մենք մեծ հետաքրքրությամբ ենք աշխատում: Նրանց մեծ մասը գիտեր, թե ուր է եկել, գիտեին, թե ինչ է էնեագրաման:

-Ի՞նչ է էնեագրաման և ինչ է պետք իմանալ այդ մասին:

Եգոր Կարոպա-Էնեագրաման շատ հետաքրքիր, ժամանակակից տիպաբանություն է, որն օգնում է շատ լավ հասկանալ մյուս մարդուն: Կարելի է ասել, որ դա տիպաբանություն է, որը օգնում է այն իմացող մարդուն հասկանալ իր զրուցակցին, որին նա գիտի, ասենք, մի քանի րոպե: Այն օգնում է հասկանալ անծանոթ մարդուն այնպես, կարծես նրան մի քանի ամիս ճանաչում է: Զգալ ներքին մղումները, արժեքները, պատճառները, թե ինչու է մարդն իրեն այս կամ այն կերպ դրսևորում: Եվ կանխագուշակել մարդու վարքը:

Իրինա Կարոպա-Էնեագրաման ներկայացնում է մարդկային 9 դրդապատճառները (մոտիվացիաներ): Հնարավոր է դառնում իմանալ սեփական դրդապատճառը և հասկանալ, թե այս կամ այն իրավիճակում ես ինչպես եմ արձագանքում: Այն նաև թույլ է տալիս լավ հասկանալ այլ մարդկանց դրդապատճառները:

-Ինչպե՞ս է դա աշխատում: Դուք ինչ-որ հարցե՞ր եք տալիս, շփվո՞ւմ մարդու հետ:

Եգոր Կարոպա- Հարցազրույցի որոշակի ալգորիթմ կա: Հետևելով այդ ալգորիթմին` հնարավոր է հասկանալ մեկ այլ մարդու տիպը և նաև օգնել այդ մարդուն պարզել իր տիպը: Բացի այդ ստանդարտ ալգորիթմից մեծ նշանակություն ունի այդ մարդուն հետևելը: Մեր խորքային դրդապատճառը ի հայտ է գալիս ժեստերում, նաև` թե ինչպես է մարդը նստում: Ուղղակի հետևելով մարդուն` կարելի է շատ բան հասկանալ: Էնեագրամայի փորձառու մասնագետը բավականին հեշտությամբ կարող է որոշել մարդու տիպը:

Իրինա Կարոպա- Երբ մենք հարցազրույց ենք անցկացնում, երկու գործոն ենք հաշվի առնում: Առաջինը` բովանդակային վերլուծությունն է. թե ինչ արժեքների մասին է մարդը խոսում հարցազրույցի ընթացքում: Երկրորդ`մենք վերլուծում ենք, թե նա ինչ է խոսում և հետևում ժեստերին, դեմքի արտահայտությանը: Որոշ հարցազրույցներում մարդիկ չեն ցանկանում շատ բաց լինել` հատկապես, եթե դրանից կախված է աշխատանքի ընդունվելը կամ այլ կարևոր բան: Մարդկանց տիպերը որոշելու համար պետք է անցնել լավ ուսուցում և մի քանի տարի պրակտիկա:

Եգոր Կարոպա-Երաժշտական գործիք լավ նվագելու համար ժամանակ է պետք և պրակտիկայի մի քանի ամիս: Ինչ-որ ձևով էնեագրամա սովորելիս մենք նույն ճանապարհով ենք գնում: Էնեագրաման բարդ տիպաբանություն է, այն հասկանալու և օգտագործելու համար ժամանակ է պետք:

Իրինա-Շատ հաճախ մեզ անհրաժեշտ է լինում ընդամենը մի քանի րոպե շփվել մարդու հետ` հասկանալու նրա դրդատապատճառները:

-Ինչո՞վ է էնեագրաման տարբերվում փրոֆայլինգից: Երկուսն էլ ինչ-որ բանով նման են իրար:

Եգոր- Մեր կարծիքով հիմնական տարբերությունն այն է, որ փրոֆայլինգը, որը շատ լավ, պրակտիկ մոդել է, առաջին հերթին նկարագրում է որոշակի արտաքին նշաններ, մտածողության նմուշներ: Էնեագրաման ավելի խորն է գնում և նկարագրում խորքային դրդապատճառները, պատճառները, թե ինչու է մարդն իրեն այս կամ այն կերպ դրսևորում:

Իրինա- Էնեագրաման ներկայացնում է ոչ թե ուղղակի այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում, ինչպես է մտածում, արձագանքում, այլև այն, թե ինչու է անում դա: Սա առաջին հիմնական տարբերությունն է: Կան նաև մի շարք այլ տարբերություններ: Երկրորդ տարբերությունն այն է, որ էնեագրաման դինամիկ մոդել է: Այն նկարագրում է, թե ինչպես է փոփոխվում մեր բնավորությունը:

Եգոր-Երրորդ և ամենակարևոր տարբերությունն այն է, որ էնեագրաման առաջին հերթին զարգացման մոդել է: Այն նկարագրում է յուրաքանչյուր տիպի զարգացման ուղին:

Իրինա-Էնեագրաման ոչ միայն տիպաբանական, այլև զարգացման շատ լավ գործիք է:

-Ձեզ համար հե՞շտ է աշխատել միասին:

Եգոր-Այո, մենք միասին աշխատում ենք 2006 թվականից: Էնեագրամայի թեմայով առաջին թրեյնինգը վարել ենք 2007 թվականին:

Իրինա-Էնեագրամայից բացի, վարում ենք այլ նախագծեր: Մենք ամուսնական զույգ ենք, և երբ ամուսանական զույգն է սկսում միասին աշխատել, դա դրական և բացական հետևանքներ է ունենում: Մենք սիրում ենք միասին աշխատել, երբ միասին ենք աշխատում, զգում ենք, որ ազդեցությունն ավելի ուժեղ է, քան երբ մենք կիսվում ենք:

-Պատմեք, խնդրում եմ, ձեր հիմնադրած «Աճի վեկտոր» ուսուցման և զարգացման միջազգային կենտրոնի մասին:

Եգոր-Այն հիմնադրվել է 2008 թվականին Մինսկում: Դրանից հետո 2011-ին մենք տեղափոխվեցինք Մոսկվա և որոշ ժամանակ անց հիմնադրեցինք «Աճի վեկտոր» կենտրոնը Մոսկվայում: Այսօր աշխատում ենք երկու մասնաճյուղով: Մենք ունենք գործընկերներ և ընկերներ տարբեր երկրներում, նաև Հայաստանում:

Իրինա-Վերջին երեք տարվա ընթացքում մենք նաև ակտիվորեն անցկացնում ենք օնլայն նախագծեր:

-Ինչպե՞ս եք հայտնվել այս ոլորտում:

Եգոր-Առաջին կրթությամբ ես իրավաբան եմ: Սկզբնական շրջանում աշխատել եմ պետական մարմիններում:

Իրինա-Իմ առաջին կրթությունը կապված է օտար լեզուների հետ, երկրորդը` մենեջմենթի հետ:

Եգոր-Իրականում այս թեմայով զվարճալի պատմություն ունենք: Մեր ընկերներից մեկը մեզ խորհուրդ տվեց գեշտալտ-թերապիայով զբաղվել: Նա գնացել էր դասընթացների, նրան շատ դուր էր եկել:

Իրինա-Նա այնքան էլ մեզ պատմում դրա մասին, որ մենք գնացինք դասընթացի:

Եգոր-Մեզ դա շատ դուր եկավ, և այն վերածվեց մասնագիտության:

Իրինա-Մենք շարունակեցինք ուսուցումն այլ ուղղություններով` այդ թվում սկսեցինք ուսումնասիրել էնեագրաման: Եվ մենք սիրահարվեցինք դրան: Այն դարձավ մեր մասնագիտությունը: Իսկ մեր ընկերը թողեց այն, ինչ սկսել էր:

Մայիսին «ԱԼՎԱՐԻՈՒՄ» դասընթացային և խորհրդատվական ընկերության հատուկ հրավերով Հայաստան են ժամանում արտերկրյա առաջատար բիզնես-թրեյներներ: Նրանք ՆԼԾ-ի և Էնեագրամայի դասընթացներ են անցկացնում հայաստանյան և տարածաշրջանի ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների,հոգեթերապևտների, քոուչների համար, այնպես էլ՝ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների լայն շրջանակների համար: Միջոցառումների PR-պատասխանատուն «SPRING» PR-ընկերությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]