Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա«-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Deutche Welle պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է Բունդեսլիգայի՝ 2015-2016թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  շուրջ 30 երկրներում անցկացրած հարցման արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հավաքել է ձայների 26 տոկոսը:

Մխիթարյանը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում շրջանցել է Լևերկուզենի «Բայեր»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսին, ով հավաքել է երկրպագուների ձայների 21 տոկոսը, Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշապան Թոմաս Մյուլերին և հարձակով Ռոբերտ Լևանդովսկուն, ովքեր ստացել են ձայների 17 տոկոսը:

Պարբերականի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ շատ ուրախ է, որ կարողանում է գոլեր խփել ու օգտակար լինել թիմին: Ես կարողացել եմ նաև գոլային փոխանցումներ կատարել և լավ խաղ ցուցադրել, սակայն ես ուրախ եմ նաև թիմի խաղի համար: Այս տարի մենք հրաշալի խաղ ենք ցուցադրել,  ինչի արդյունքում բոլորը սկսեցին հավանել մեր խաղաոճը: Ես կարծում եմ, որ սա շարունակական կլինի»,- ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ հիանալի հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով մեծ նշանակություն է ունեցել իր կարիերայի վերելքի հարցում: «Շատ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն եմ ստացել: Մեր առաջին իսկ զրույցի ընթացքում նա ինձ ասաց՝ Միկի, ես կարող եմ քեզ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ դարձնել: Սկզբում ես կասկածում էի, որովհետև չէի հավատում, որ վատ մրցաշրջանից հետո նա կկարողանա ինձ ավելի բարձր մակարդակի խաղացող դարձնել: Բայց նա արեց դա, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան»,-նշել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը թեմային անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում. «Չեմ կարծում, որ կա ավելի լավ մրցանակ, քան աշխարհասփյուռ երկրպագուների աջակցությունը: Շատ շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար: Սիրում եմ ձեզ»,- գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանի ընթացքում Բունդեսլիգայի շրջանակներում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի անցկացրած հիանալի մրցաշրջանի արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ն կարողացավ հաղթահարել նախորդ մրցաշրջանի ճգնաժամը և Գերմանիայի առաջնությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Մյունխենի «Բավարիա»-ին: «Բորուսիա»-ն դուրս է եկել նաև Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա»-ի հետ: Ավարտված մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանի հիանալի խաղն անտարբեր չի թողել մի շարք գրանդ ակումբների: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուս»-ը, անգլիական «Չելսի»-ն,  «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]