Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է մշտապես լինի Հայաստանի օրակարգում. Արմեն Ռուստամյան

Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է մշտապես լինի Հայաստանի օրակարգում. 
Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուստամյանն ընդգծեց, որ եթե Հայաստանի և Արցախի իշխանությունները քննարկումների արդյունքում որոշել են, որ հիմա ճիշտ ժամանակը չէ դրա համար, ուրեմն իսկապես դրա ժամանակը չէ: Միևնույն ժամանակ, Ռուստամյանն այն կարծիքին է, որ Արցախի ճանաչման հարցը պետք է միշտ Հայաստանի օրակարգում լինի: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որպեսզի դա տեղի ունենա միջազգային գործընթացի միջոցով: Մենք ցանկանում ենք ոչ թե միակողմանի ճանաչել, այլ Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել այդ գործընթացը: Սա Հայաստանի կողմից մեծագույն զիջում է, որպեսզի բանակցությունների միջոցով բոլորը համոզվեն, որ Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի: Բայց եթե Ադրբեջանը բանակցությունները մտցնում է փակուղի, դադարեցնում է բանակցությունները, Հայաստանի համար այլ ելք չի մնում, քան ճանաչել Ղարաբաղը, ինչի մասին շատ հստակ հայտարարել է հանրապետության նախագահը: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ Արցախի ճանաչումը պետք է միշտ մնա մեր օրակարգում, սակայն միաժամանակ պետք է կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը կնշանակի՝ հարձակումը Ղարաբաղի վրա, նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Եթե դա հարձակում է Հայաստանի վրա, Հայաստանը իր բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը երբեք միջազգային հանրության համար սպառնալիք չի հանդիսացել: «Մեզանից երբեք պատերազմ չի սկսվել, մեզ են պատերազմ պարտադրել: Եվ  այսօր, երբ խոսում են նրա մասին, որ Հայաստանը սպառնալիք է, թող առաջին հերթին տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը: Դա թուրք-ադրբեջանական տանդեմն է: Թող խոսեն այն մասին, թե ինչի են թուրքերը զորք կուտակում Նախիջևանում: Նրանք պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, հետո մեղադրում են մեկ ուրիշին, որն ուզում է ընդամենը դրանից պաշտպանվել»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ համաձա՞յն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկման հետ, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումն անհեռատես քայլ կլինի, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ սա պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին: Սա պետք է մնա մեր զինանոցում որպես քայլ, որ պետք է անհրաժեշտ պահին կատարվի»:

Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղարի հայտարարությանը, թե ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, Ռուստամյանն ասաց. «Վատ չի, եթե ասում են` ճանաչեք ու կարելի է ուղարկել զենքը, բայց մենք խոսում ենք նաև այն մասին, որ այսօր Հայաստանը շատ հստակ հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր, իսկ այդ պայմանագիրն իրերը պետք է կոչի իր անունով: «Դե ֆակտո» ստեղծված իրավիճակը մենք պետք է «դե յուրե» ամրագրենք: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Հայաստանը դրան համապատասխան քայլեր պետք է կատարի: Դրա համար նախ պետք է չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որ ներկայացնում է Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար: Դրա համար ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը պետք է արագացվի, որպեսզի նման հարցեր չառաջանան: Այսինքն, Հայաստանի ունեցած զինանոցը պետք է ծառայի Ղարաբաղի անվտանգության համար»:

Խոսելով  քառօրյա պատերազմի ընթացքում ՌԴ-ի որդեգրած դիրքորոշման մասին՝ Ռուստամյանը նկատեց՝ ՌԴ-ն Հայաստանին աջակցել է այնքանով, որքանով դա այս պահին անհրաժեշտ է: «Մենք մեր ռազմավարական գործընկերներից դժգոհ չենք: Չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է այդ աստիճանի ծայրահեղացնել: Մենք կարծում ենք, որ այս պահին Ռուսաստանն ուղղակի պետք է հետևի, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի: Այսօր Ադրբեջանը բացի Ռուսաստանից, մի քանի այլ երկրներից էլ է զենք գնում: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ է այդ հարցերը լուծում: Հիմա, երբ Ռուսաստանը որոշում է զենք վաճառել Ադրբեջանին, պետք է տեսնի` դրանից բալանսը խախտվո՞ւմ է, թե ոչ, իսկ Ռուսաստանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմ է հանդիսանում»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանը կաշկանդված չէ այլ երկրներից ևս զենք ձեռք բերելու հարցում: Նրա խոսքով՝ այն զենքերը, որ Հայաստանը չի կարողանում ձեռք բերել ՌԴ-ից, կարող է ձեռք բերել այլ երկրներից: Դիտարկմանը, թե Հայաստանը փաստորեն այլ երկրներից զենք չի գնում, Ռուստամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք անել դա, եթե կան զենքեր, որոնք Ռուսաստանը չի ապահովում, մենք պետք է կարողանանք այլ երկրներից ձեռք բերել»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]