Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գեղեցիկի սահմաններից անդին. Տիգրան Ձիթողցյանը` ցուցահանդեսների ու նոր ֆիլմի մասին

Գեղեցիկի սահմաններից անդին. Տիգրան Ձիթողցյանը` ցուցահանդեսների ու նոր ֆիլմի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աչքեր, ձեռքեր ու պարզապես գեղեցիկ մարդիկ. Տիգրան Ձիթողցյանի նկարները ստիպում են խորասուզվել մարդկային հայացքից ներս, ինչ-որ տեղ փորձել հասկանալ` ինչ է մտածում բնորդը, ինչ են թաքցնում ձեռքերը…Յուրաքանչյուր նկար հետաքրքիր պատմություն է ներկայացնում, «խոսում» է` միաժամանակ ստիպելով խորհել գեղեցիկի մասին: Բազմաթիվ հաջողությունների հասած նկարիչ Տիգրան Ձիթողցյանի գործերը ճանաչում ունեն տարբեր երկրներում, պարբերաբար ցուցադրվում են լավագույն սրահներում: Աշխատանքային վերջին` 2015-2016 թվականներն ամփոփվել են մի ֆիլմում, որը հնարավոր է ներկայացվի երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարիչը պատմում է ստեղծագործական ուղու, առաջիկա ծրագրերի ու նոր ֆիլմի մասին:

Միաժամանակ երեք ցուցահանդես

Ապրիլի 22-ին Բրյուսելում բացվել է ցուցահանդես, որին մասնակցել են նաև իմ նկարները: Շատ լավ է անցել, շատ լավ է ընդունվել: Միանգամից նույն ժամանակահատվածում երեք ցուցահանդես եմ ունեցել` Բրյուսելում, Վենետիկում և Ժնևում: Զբաղված շաբաթ էր, ամեն տեղ աշխատանքներս շատ լավ են ընդունվել:

…Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու մտադրություն դեռ չունեմ: Նախորդ տարվա ցուցահանդեսս ծավալուն էր (Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2015-ին բացվել էր «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը-հեղ.): Կարծում եմ, որ ամեն տարի Հայաստանում ցուցահանդեսներ չեմ անի: Առաջինը, որովհետև զբաղված եմ, շատ նախագծեր ունեմ, չեմ հասցնում, երկրորդը` Հայաստանում այդքան շատ հարթակներ չկան, որտեղ հետաքրքիր կլիներ ցուցադրվել:

Գլխավոր դերում` Տիգրան Ձիթողցյան

Մենք հիմա հայտնի գրող և ռեժիսոր Արթուր Բալդերի հետ աշխատում ենք վավերագրական ֆիլմի վրա, որը 1 կամ 1,5 ժամ տևողություն կունենա: Այն ընդգրկում է իմ ամբողջ 2015-2016 թվականների աշխատանքային գործընթացը, ցուցահանդեսները, նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսը:

Այն ոչ միայն վավերագրական, այլև արտհաուսային, փորձարարական ֆիլմ է: Ավարտում ենք և միգուցե կհասցնենք ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Եթե ոչ այս, ապա` մյուս տարի:

Ֆիլմը ռեպորտաժային չէ. մարդիկ իմ մասին չեն խոսելու կամ ես չեմ խոսելու: Այն ներկայացնում է իմ աշխատանքային պրոցեսը, ճանապարհորդություններն աշխարհի շուրջ, կյանքի ինչ-որ հատվածներ:

…Անունը դեռ որոշված չէ, բայց ֆիլմի մեծ մասը նկարահանված է: Ընդգրկված են մի քանի շատ մեծ դերասաններ, որոնց ես նկարում եմ իմ ֆիլմի ընթացքում. շատ մեծ, օսկարակիր աստղեր են, բայց դեռ վաղ է անուններ հրապարակելը:

Ապրելաձևը և վայրը շատ են ազդում մեզ վրա

Ես ուրիշ կլինեի, եթե ապրեի Չինաստանում կամ Աֆրիկայում կամ ցանկացած այլ տեղ: Երևի շփումը, ապրելաձևը, ապրելավայրը, կլիման, ամեն ինչն իմ վրա կազդեր և ես կլինեի ուրիշ մարդ` ուրիշ մշակույթով: Ես 10 տարի ապրել եմ ֆրանսախոս երկրներում, և մշակույթն ինձ վրա ինչ-որ ազդեցություն է թողել: Հիմա ԱՄՆ-ը երևի մեկ այլ ազդեցություն է թողնում: Եթե ես ապրեի Հայաստանում` առանց որևէ տեղ «դուրս գալու», ուրիշ աշխարհայացք կունենայի:

Արվեստի մարդկանց զավակը

Ծնողներս արվեստի մարդիկ են: Մեր տունը երաժշտության, բարձր ճաշակի, արվեստի կենտրոն էր: Մենք ունեինք շատ մեծ գրադարան: Մեր տունը լի էր մտավորականների էլիտայով, ես մեծանում էի այդ միջավայրում, ինչը մեծ դեր խաղաց իմ կյանքում: Ես անչափ շնորհակալ եմ իմ ծնողներին:

…«Սկզբում հայրս ինձ տվեց գունավոր մատիտներ, սակայն ոչ բոլոր գույներն էր ստացվում ստանալ այդ մատիտներով, ես ինձ բավարարված չէի զգում, ապա ինձ տվեցին ջրաներկ ու գուաշ, կրկին գոհ չէի, և երկար խնդրելուց հետո հայրս ինձ նվիրեց յուղաներկ, ու սկսվեց յուղաներկով աշխատելս, մինչ օրս նկարում եմ հենց դրանով»…Տիգրան Ձիթողցյան:

Ես զգում էի, որ ծնողներս ինչ-որ տեղ հպարտ են, երբ ինչ-որ աշխատանք էի վերջացնում, ինձ գովում էին, եթե այն հետաքրքիր էր: Ուղղակի ինձ մեծացնում էին այն գաղափարով, որ սա միայն սկիզբն է, սա լավ է, բայց լավ է ինչ-որ մակարդակի դեպքում ու աճելու տեղ կա: Երեխա ժամանակ շատերն են տաղանդավոր լինում, բայց նրանցից քանիսն են իրական նկարիչ դառնում, մեծ հարց է:

Համակարգին դեմ

Արվեստագետ լինելու համար պետք է ուրիշ մտածելակերպ ունենալ: Ցանկացած արվեստագետ պետք է ցանկացած համակարգի դեմ լինի: Կապ չունի թե ինչ համակարգի մեջ ես:

Նկարների հերոսները

Ես փորձում եմ ընտրել տարբեր դեմքեր: Իմ հերոսները բոլորն իմ ծանոթներն են: Ես պատահական մարդկանց չեմ նկարում`մեկ-երկու բացառությամբ: Եթե ես անցկացնում եմ այդ մարդու հետ 1-2 ամիս, ինձ համար նա պետք է հարազատ լինի, ծանոթ: Մարդ, որի հետ կցանկանամ այդ ժամանակն անցկացնել:

Կնոջ առեղծվածը

Ես տղամարդ եմ, և մինչև վերջ չեմ կարողանամ հասկանալ կնոջը: Ինձ համար նա գաղտնիք է, և ես փորձում եմ այդ գաղտնիքն ինձ համար ինչ-որ աստիճանով բացել, նկարելով տարբեր կանանց:

Նյու Յորք-2017

Ես սկսել եմ պատրաստվել Նյու Յորքում 2017 թվականի մայիսին կայանալիք իմ ցուցահանդեսին: Այն կլինի իմ կյանքի ամենակարևոր ցուցահանդեսը. կներկայացնեմ 20 կամ 30 մեծ աշխատանք: Դա կլինի վերջին տարիների ռետրոսպեկտիվը: Մեկ տարվա աշխատանք կպահանջի: Կունենամ մի քանի այլ ցուցահանդեսներ հաջորդ տարի, այլ նախագծեր`մեկը Լեհաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, որը ևս կարևոր է: 2017-ը մեծ նախագծերի տարի է, այսօրվանից պատրաստում եմ դրանց: Կունենամ նաև խմբային ցուցահանդեսներ: Ոչ մի անհատական ցուցահանդես այս տարի չի լինի:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է 1976 թ. Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկանից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ 1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Լուսանկարները` Տիգրան Ձիթողցյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]