Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Պարոնյանի անվան թատրոն

«Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Պարոնյանի անվան թատրոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամատուրգ Արարատ Բարսեղյանի պիեսի հիման վրա բեմադրված «Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Գայանե Բարսեղյանը նշեց, որ «Պըլը Պուղի»-ն թատրոնում արդեն երրորդ անգամ է բեմադրվում:

«Ներկայացումն այս թատրոնի համար այնքան էլ նոր չէ, որովհետև երրորդ անգամ է բեմադրվում: Պիեսը 1962 թվականին գրել է իմ հայրը`դրամատուրգ Արարատ Բարսեղյանը: Մեր թատրոնները միշտ բեմադրել են նրա պիեսները: Այս ստեղծագործության վերջին բեմադրությունը Պարոնյանի թատրոնում ես եմ արել 1987 թվականին: Վերջերս այստեղ բեմադրություն անելու հրավեր ստացա Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարից՝ փայլուն ռեժիսորներից, մտավորականներից մեկից` Երվանդ Ղազանչյանից: Երջանիկ եմ, որ այս թատրոնում բեմադրություն եմ անում»,-շեշտեց նա:

Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում արդեն իսկ սկսվել են ներկայացման փորձերը: Գայանե Բարսեղյանի տեղեկացմամբ` «Պըլը Պուղի»-ն կցուցադրվի մայիսի 30-ին և 31-ին:

«Ներկայացման մեջ ընդգրկված են երգչախումբ, բալետային կազմ, նվագախումբ: Արեգ Առուստամյանը նոր երաժշտություն է գրել հատուկ ներկայացման համար: Դերերում հանդես են գալիս Ավիկ Խալաթյանը, Բորիս Պեպանյանը, Սաթենիկ Հախնազարյանը և այլք: Աշխատում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որն ունի թատրոնը: Երբ ամեն մի ռեժիսոր բեմադրություն է անում, իրեն երեք հարց է տալիս, թե ինչու,երբ և ինչպես է ինքն այս կամ այն գործը բեմադրելու: Այս գործը սկսեցինք բեմադրել արցախյան բախումներից առաջ: Այն բեմադրվում է դեպի արցախյան խնդիրը այժմյան հնարավորություններին, տեսակետին համահունչ: Գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարի կեսերին»-նշեց բեմադրիչը` հավելելով, որ ներկայացման նկարիչը Տաթև Հովհաննիսյանն է, իսկ բալետմայստերը` Գագիկ Կարապետյանը:

Պըլը Պուղին արցախցի հայտնի զվարճախոս-առակախոս է։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղի հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել և նրա անունով բանավոր հասել են մինչև մեր օրերը։ Առաջինը Մ․Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ ։

«Պըլը Պուղի»-ն ոչ միայն կատակաբան է, այլև փիլիսոփա, մտավորական, որը խելք է սովորեցնում Մելիք-Շահնազարին»,-շեշտում է Գայանե Բարսեղյանը, և հավելում, որ պատրաստ է այլ ներկայացումներ ևս բեմադրել:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Գայանե Բարսեղյանը մի շարք բեմադրությունների հեղինակ է, և այն հազվագյուտ բեմադրիչներից, որ մոսկովյան երաժշտական կրթություն ունի:

«Մենք սիրով հրավիրել ենք նրան և ուզում ենք անպայման այս ներկայացումն ունենալ: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Պիեսի հեղինակը Արարատ Բարսեղյանն է, որի գործերը բոլոր թատրոններում խաղացվել են, «կերակրել» են մեր թատրոնները: Ամեն ինչ անում ենք, որ պատշաճ ձևով ներկայանանք հանդիսատեսին»,-շեշտեց Երվանդ Ղազանչյանը:

Պըլը Պուղիի դերակատար Ավիկ Խալաթյանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով իր հերոսին, շեշտեց, որ նրան շատ է հավանում:

«Դերը հավանում եմ, անակնկալ էր ինձ համար: Վաղուց իմ հարազատ թատրոնում նոր ներկայացում չէի ունեցել: Շատ հաճելի է փորձերի ընթացքը: Անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային. կերպարը շատ խորն է, նրա խոսքերը, արտահայտությունները, մտքերը շատ հաճախ օգտագործում ենք առօրյայում»,-ընդգծեց Ավիկ Խալաթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]