Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փայլուն զարգացում է ունեցել. Իսրայել Չարնիի բացառիկ հարցազրույցը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փայլուն զարգացում է ունեցել. 
Իսրայել Չարնիի բացառիկ հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ցեղասպանագիտության զարգացման գործում իր նշանակալի ներդրումն է ունեցել իսրայելցի հետազոտող, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին: «Արմենպրես»-ը պրոֆեսոր Չարնիի հետ զրուցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերի և ժխտողականության շուրջ:

 - Պրոֆեսոր Չարնի, Դուք երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեծ աջակից եք եղել: Ինչպե՞ս կգնահատեք այդ գործընթացը ներկայումս:

 - Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փայլուն զարգացում է ունեցել` նշանակալի, սակայն ոչ ամբողջական արդյունքներով ողջ աշխարհում: Կարծում եմ, մեր ջանքերը պետք է շարունակվեն, հատկապես մեզ խորապես անհանգսատացնող երկու երկրների` ԱՄՆ-ի և Իսրայելի պարագայում: Սակայն, ես միաժամանակ համաձայն եմ Հարութ Սասունյանի հետ («Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր.- հեղ.), որ արդեն ժամանակն է, հիմքը կա, որպեսզի հայերը իրավական խողովակներով դատական հայցեր նախաձեռնեն փոխհատուցում ստանալու համար և ոչ միայն ճանաչում:

 - Ի՞նչ եք կարծում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդյոք կպարտադրի Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ:

 - Դա, անշուշտ, չի խանգարի: Իմ կարծիքով, Թուրքիայի միջազգային իմիջը և կարգավիճակը գնալով անկում են ապրում: Այնուամենայնիվ, ով գիտի ինչ հետագա զարգացումներ կլինեն Թուրքիայում: Էրդողանը, իր ֆաշիստական վերահսկողությունը պահպանելու համար, այնքան մարդկանց է հետապնդում անհնազանդության մեղադրանքներով, որ մնում է միայն աղոթել, որ մի օր ինքն իր դեմ հանրային դիմադրություն բարձրացնի:

 - Որպես ցեղասպանագետ ինչպե՞ս կբացատրեք թուրքական կողմից ժխտողականության ֆենոմենը:

 - Ինձ համար դա տարբեր շարժառիթների ամբողջություն է` սկսած ամենամութ շարժառիթներից (էթնիկապես առավել բարձր լինելու պնդումները), որոնցով ցեղասպանությունը սկսեց և որոնք դեռ չեն անցել, շարունակելով որպես ազգ և մշակույթ ամոթի զգացողությունից պաշտպանվելու կոլեկտիվ հուսահատ հոգեբանությամբ, և ի վերջո այն դինամիկան, որ կա շատերի մոտ` արմատացած այն միտքը, թե աշխարհի կազմակերպման ձևում պետք է պայքարել ցանկացած փոփոխության դեմ: Վերջապես ժխտողականությունը թուրքերին ստիպում է երևալ որպես հիմարներ և ֆաշիստներ:

 - Ինչպիսի՞ դեր կարող է խաղալ ճանաչումը հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Չ՞է որ այսօր էլ տեսնում ենք ցեղասպանություն և զանգվածային սպանություններ Սիրիայում:

- Որքան ավելի շատ մարդկային քաղաքակրթությունը հաստատի ազնիվ պատմության և ոչնչացման քայլերի ճանաչման կոդեր, այնքան ավելի լավ կլինի մեր մոլորակի համար, որն արդեն իսկ ողբերգական կերպով նմանվում է վերահսկողությունից դուրս եկած հոգեբուժարանի:

 - Դուք նաև կողմ էիք արտահայտվում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` չնայած դա այդպես էլ իրականություն չդարձավ: Ինչպե՞ս դա կբացատրեք: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք թույլ չեն տալիս Իսրայելին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

 -Աստված իմ: Որպես երկիր մեր ամոթն իրականում շարունակվում է և նույնիսկ խորանում` չնայած այն հանգամանքին, որ մենք` ժողովուրդը, ինչպես նաև մեր նախագահ Ռիվլինը ցույց ենք տվել գրեթե լիակատար աջակցություն Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Օրինակ՝ Հաարեցը կրկին հրապարակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով մի նշանակալի հոդված: Ինձ նաև տեղեկացրեցին Times of Israel էլեկտրոնային թերթից, որ իրենք ևս կհրապարակեն իմ հոդվածը, որում ես դեմ եմ արտահայտվում Իսրայելի կողմից Հայաստանի թշնամուն ցանկացած զենքի վաճառքին: Մեր համակարգում մեղավորը կառավարությունն է, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը: Նրանք ինձ շատ հստակորեն հիշեցնում են ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որը համառ դիմադրություն էր ցույց տալիս Հոլոքոստի օրերին Եվրոպայում հրեաներին օգնելուն (իմ անհաջողությունն այն է, որ սրանք հենց այն երկու երկրներն են, որոնց քաղաքացիությունը ունեմ): Իսրայելի կառավարության քաղաքական նկատառումների տեսանկյունից, իհարկե, շահեկան են հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք երկուսն էլ, իմ կարծիքով, վստահելի չեն, էլ չենք խոսում ցեղասպանության հարցի մասին: Համոզված եմ, որ բարոյական սկզբունքը պետք է գերակայի ցանկացած քաղաքական նկատառման շահերի հանդեպ:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]