Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մարկ Քըրքը կոչ է անում չընդունել Ադրբեջանի աղաղակող երկերեսանիությունը. սենատորի հոդվածը The Hill-ում

Մարկ Քըրքը կոչ է անում չընդունել Ադրբեջանի աղաղակող երկերեսանիությունը. 
սենատորի 
հոդվածը The Hill-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The Hill-ում հոդված է գրել ԱՄՆ Իլինոյիս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քըրքը:

Նա ներկայացրել է, թե ինչպես երկարատև սպառազինվելուց հետո ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց ԼՂՀ-ի նկատմամբ, որը պատճառ դարձավ 1994 թվականի կնքած հրադադարի ամենամասշտաբային խախտման: «Հրադադարի ռեժիմը ստուգող մեխանիզմների բացակայության պարագայում Ադրբեջանն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում` իր գործողությունների համար չբախվելով որևէ հետևանքի: Սա պետք է փոխվի»,- նշել է Քըրքը:

Նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին, ովքեր առաջարկում են կիրառության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտումները մշտադիտարկման ենթարկող մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որ կողմից են գալիս կրակոցները, ինչպես նաև շփման գծից հեռացնել դիպուկահարներին: ԱՄՆ օրենսդիր գործիչը փաստել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ, ինչպես նաև ԱՄՆ պետդեպն ու Մինսկի խմբի համանախագահներն աջակցել են այս նախագծին: Հայաստանն ու ԼՂՀ-ն ևս համաձայնել են կիրառել այս առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է դրանք մերժել:

«ԱՄՆ ղեկավարությունը պետք է դադարեցնի արյունահեղությունը, որտեղ Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ այնուհետև Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մենք այլևս չպետք է ընդունենք Բաքվի աղաղակող երկերեսանիությունը: Կոչ եմ անում ԱՄՆ վարչակարգին Ռոյս-Էնգելի առաջարկները բարձրացնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում»,- ասել է Քըրքը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրության քննադատությանն է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների հարցով:

«Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ: Բաքուն պետք է ամբողջությամբ ընդունի Ռոյս-Էնգել առաջարկները:

Ալիևի ընտրությունն ակնհայտ է. նա կամ պետք է լծվի հայերի հետ դիվանագիտական բանակցություններին` խաղաղ պայմանների ներքո, կամ պետք է շարունակի ռազմական և անօգուտ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած գործողություն միայն ավելի կհաստատի ԼՂՀ փաստարկը, որ այն պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը գիտակցում է` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է հոդվածը Քըրքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am