Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս.21.04.2016

Սպասվող լրահոս.21.04.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կառավարությունը մշակել է Տավուշում աղքատության կրճատման ծրագիր: Այսօր Կառավարության նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է Տավուշի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու հարցը: Սույն ծրագրով նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար: Նիստի օրակարգային մեկ այլ հարցով էլ նախատեսվում է դպրոցներում վերականգնել ռազմագիտության կաբինետները:

Ապրիլի 22-ին Երևանում անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և  փորձել արտերկից գործարարաներ բերել Հայաստան: Համաժողովին ընդառաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն համաժողովի մանրամասները, կանդրադառնան Հայաստան-Իրան-Եվրասիական միություն հնարավոր համագործակցությանն ու հեռանկարներին:

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղի կունենա 2014թ. օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգի` ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողի բացումը:

Շվեյցարացիներն աջակցում են Հայաստանի սահմանամերձ գյուղերին: «Օգնություն Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կամփոփեն մինչ այժմ հիմնադրամի կատարած աշխատանքը և կներակայացնեն առաջիկա ծրագրերը:

Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները. տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման հնարավորությունները և հետևանքները. Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Թեմաների վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:  

Հայոց մեծ եղեռնի տարելիցին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, առկա ձեռքբերումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ կխոսի նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 180 երկրների ցանկում  զբաղեցրել է 74-րդ տեղը։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցում:  Մեր երկիրը նախորդ զեկույցի համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով: Հայաստանը շրջանցել է Իսրայելին, Իտալիային, Հունաստանին, Կիպրոսին: Թե ինչ քայլեր են իրականացվել նման արդյունքի հասնելու համար, կներկայացնի Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]