Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանի կազմում Արցախի լինելը նշանակում է 1915 թվականի կրկնություն. Աշոտ Մելքոնյան

Ադրբեջանի կազմում Արցախի լինելը նշանակում է 1915 թվականի կրկնություն. Աշոտ 
Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կազմում Արցախի լինելը նշանակում է 1915 թվականի` Հայոց ցեղասպանության կրկնություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` նշելով, որ միջազգային հանրությունը սկսում է կամաց-կամաց ընկալել այս միտքը:

«Մենք միանշանակ դասեր ենք քաղել մեր պատմությունից: Որպես օրինակ՝ Արցախը: Երբ 1915 թվականին մենք ենթարկվեցինք ցեղասպանության, այդ ժամանակ կարող էիք նվազ կորուրստներ ունենալ: Հիմա դասեր ենք քաղել: Երբ սկսվեց 1988 թվականի շարժումը, կողմերի միջև կար ուժերի ահռելի անհավասարություն, բայց մենք հետևություններ արեցինք և տեր կանգնեցինք մեր իրավունքներին: Այսօր էլ համաշխարհային հանրությանը բերում ենք այն համոզման, որ Ադրբեջանի կազմում Արցախի լինելը նշանակում է 1915 թվականի կրկնություն:  Այս վերջին  ապրիլյան վայրագությունները նույնպես դա են վկայում»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարով, դա երաշխիք է, որ մեր հայության այդ հատվածը չենթարկվի ցեղասպանության:

«Տեսնում ենք, թե ինչպես եվրոպական բարձր ատյաններից որոշ պատգամավորներ խոսում են Արցախի անկախոթյան մասին, տեսնում ենք, թե ինչպես ԱՄՆ-ի որոշ նահանգներ ճանաչում են Արցախը: Վստահաբար կարող ենք ասել, որ բավականաչափ բան է փոխվում: Այդ ուղղությունը պետք է շարունակել և հասնել Արցաղի անկախության: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա դրանց զիջում նույնպես չի կարող լինել: Նախ այդ տարածքները պատմական Հայաստանի մեկ մասն են, այդ հատվածը Դաշտային Արցախն է: Դրանից բացի, այդ տարածքները մեզ համար անվտանգության խնդիր են լուծում: Մի թիզ հողի հանձնումը նշանակում է, որ թնդանոթները մոտենում են մեր բնակավայրերին և դրանք դարձնում խոցելի: Դա անթույլատրելի է, մանավանդ որ ադրբեջանական կողմն ընդհանրապես տեղ չի թողնում որևէ զիջման»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Անդրադառնալով ադրբեջանական վայրագ գործողությունները որպես հանցագործության փաստ միջազգային դատարան ներկայացնելու դիտարկումներին` Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշեց, որ դա այդքան դյուրին գործընթաց չէ:

«Պետք է փաստահավաք աշխատանք կատարվի, հայց պատրաստվի: Դրանից բացի, Միջազգային քրեական դատարանի կանոնդրության համաձայն, դատարան կարող են դիմել այն պետությունները, որոնք դատարանի անդամ երկրներ են: Հայաստանն ու Ադրբեջանը դատարանի անդամ երկրներ չեն: Իհարկե, դա չի նշանակում, որ ամբողջությամբ իրավունք չունենք դիմելու: Կա այլ պրակտիկա, երբ գործը դատարան կարող է ուղարկել ՄԱԿ անվտանգության խորհուրդը»,-ասաց Արմեն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ 2014 թվականի մարտի 21-ին, երբ տեղի ունեցան Քեսաբի դեպքերը, ՌԴ-ն երկու հայտարարություն ընդունեց` նշելով, որ պետք է իրավական հետաքննություն իրականացվի, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել Քեսաբում:

«Ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին, ասել, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սադրիչ գործողությունների հարցը բարձրացնի ՄԱԿ անվտանգության խորհրդում, և հասնել նրան, որ գործն ուղարկվի Միջազգային քրեական դատարան: Նման պրակտիկա կա: Սուդանում Դարֆուրի ցեղասպանության ժամանակ, երբ այդ երկիրը Միջազգային քրեական դատարանի անդամ պետություն չէր, ՄԱԿ անվտագության խորհրդի որոշմամբ դատարանը քննեց այդ գործը, և Սուդանի նախագահն էլ համարվեց ցեղասպանության իրականացման գործում պատասխանատու: Գործընթացը հեշտ չէ, բայց և բոլոր հնարավորությունները փակված չեն»,-ասաց Արմեն Մարուքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]