1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայկական զինուժի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռում հայտաբերված փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջան պլանավորել էր լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Օդաչուների կողմից կիրառած քարտեզում նշված են առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետերը: Առաջնագծից խորություն նշված է` սկսած 3 կմ-ից մինչև 10 կմ: Ինչ վերաբերում է հայկական կողմի խոցած երկրորդ ադրբեջանական ուղղաթիռին, ապա խոցվել է «ՄԻ 8» տիպի ուղղաթիռ, որը պետք է դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածում, սակայն այն կարողացել է խոցված վիճակում շարունակել թռիչքը և վայրէջք է կատարել Ադբեջանում: 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին աջակցել է կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին տեղեացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949թ. Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության (a) ենթակետի (...To this end, the following acts are and shall remain prohibited at any time and in any place whatsoever with respect to the above-mentioned persons: (a) violence to life and person, in particular murder of all kinds,mutilation, cruel treatment and torture), 1949թ Ժնևյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության, ինչպես նաև 1949թ. Լրացուցիչ երկրորդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանող դրույթների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն: Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված վայրագությունների վերաբերյալ իրավական գործընթացի մեկնարկը տրված է: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ խնդրի առնչությամբ համապատասխան փաստաթղթերը և նամակը ներկայացվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ: ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով։

Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում  Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող: Ըստ «Խազարի»` ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս: ԼՂՀ ՊԲ տվյալներով, ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

ԼՂՀ և ՀՀ քաղաքացիական հասարակությունը համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայատարարություններին` նշելով, որ նա  շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն: Ադրբեջանն ու Թուրքիան, քրդական գործոնը հայերի հետ կապելով, մի քանի խնդիր են փորձում լուծել: Նախ, փորձում են ազդել Հայաստանի վարկանիշի վրա` ներկայացնելով որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր: Ասուլիսին այս մասին նշեց ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, քրդագետ Վահրամ Պետրոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսված ՊԲ զինծառայողների անունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկանք է հրապարակել ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին: 

Եվրոպական միությունն առավել մեծ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որն արդեն շատ տառապանքներ է բերել: Այս մասին Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ հայտարարեց  Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է վտանգ հանդիսանալ ԵՄ հարևանությունում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև արգելք է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ սեղանին դրված չեն, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր կարծիքն այս հարցում հստակ է: Արցախի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, և առանց Արցախի որևէ որոշում չի կարող կայացվել: Երեկ էլ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հստակ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց այդ զիջումները չեն կարող միակողմանի լինել: Աշխարհը պետք է իմանա, թե որն է Ադրբեջանի փոխզիջումը: Ես այստեղ էլ հիմա հայտարարում եմ, որ միակողմանի զիջումներն ընդունելի չեն և բացառվում են»,- նշեց Շարմազանովը:

Թալիշների ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված «Սա մեր պատերազմը չէ հաղորդման ընթացքում նշվել է, որ Արցախա-ադրբեջանական սահմանին չորսօրյա պատերազմը Բաքվում մի շարք հարցերի պատասխանը տվեց: Առաջնագծում բացառապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչների լինելը նախ խոսում է Ադրբեջանում ոչ թափանցիկ զորակոչի եւ պաշտպանական գերատեսչության` որպես պետական համակարգի կոռումպացվածության, նաեւ ազգային փոքրամասնություններից ազատվելու պետական լուրջ ծրագրերի մասին: Ակնհայտ է որ այս մարտական գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր միանգամից երկու հարց լուծել՝ առաջնագծում պայքարել հայերի դեմ ու երկիրն ազատել ազգային փոքրամասնություններից՝ հատկապես լեզգիներից եւ թալիշներից:

Երևանում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը։ Ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները տեղեկացվել են ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: Ներկայացնելով նիստի ամփոփիչ արձանագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ հաշվի առնելով ռազմաքաղաքական առկա իրավիճակը և վերջին իրադարձությունները Կովկասյան տարածաշրջանում՝ նիստի ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը:

Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններին, որոնք հնչել են ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպությունների՝ Ստոկհոլմի Սերյելս Տորյ  հրապարակում անցկացրած հանրահավաքում։ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում են բռնություն, ատելություն  եւ  ռասայական  խտրականություն հրահրելու բացահայտ  հատկանիշներ, եւ արժանացել են հավաքի մասնակիցների եւ կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։ Դեսպանությունը դատապարտել է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի եւ ատելության ցանկացած դրսեւորում եւ խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և  ազգայանամոլական հայտարարություններ. «Հասել է  թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների  վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական  հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին  շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային  ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ»  վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։ Շվեդիայի հայ համայնքն ապրիլի 12-ին անցկացրել է բողոքի քայլարշավ Ստոկհոլմի կենտրոնական փողոցներով՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին և հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Երթը հանգրվանել է Շվեդիայի խորհրդարանի դիմաց, որտեղ մասնակցիները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։ Հանրահավաքի մասնակցիների համար ընթերցվել է  Շվեդիայի կառավարությանը փոխանցված նամակի տեքստը։  

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը արձագանքել է Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտա­հայտված հայատյացության դրսևորումներին՝ նշելով. «Շվեդիայում լիովին անընդունելի է այլատյացության սերմանումը այլ խմբերի դեմ՝ անկախ դրանց կրոնական, էթնիկ կամ քաղաքական պատկանելությունից»։

Հայաստան և աշխարհ

 

Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով  Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նախարարը հավելել է, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա  Երևանում՝ 2016թ. մայիսի 20-ին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում: «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակում «UWC Դիլիջան» քոլեջի սաները, Երևանի ու Տավուշի մարզի ավագ դպրոցականներն ու ուսանողները հանդիպեցին Նոբելյան հինգ մրցանակակիրներին։ Նրանք «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշել են, որ տպավորված են մեր երկիր կատարած այցով: Նրանք փաստում են` ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել իրենց դասախոսություններին, հետաքրքիր հարցեր են տվել իրենց:  

 «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գործարարի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ.  «Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը: Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար ԼևոնՀայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին»: Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Երևանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը:  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին ստորագրել են Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընտրական օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը ապրիլի 18-ին ներկայացնել Ազգային ժողով: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Քանի որ մենք շատ սեղմ ժամկետներում պետք է ընդունենք ընտրական օրենսգիրքը, իսկ այն պետք է քննարկվի երեք ընթերցմամբ, պատրաստվում ենք ապրիլի 18-ին ներկայացնել Ազգային ժողով: Այն առաջարկները, որոնց վերաբերյալ մենք կարող ենք կոնսենսուսի գալ, չենք կարող բոլորը միանգամից նախագծում ներառել, բայց եթե կլինեն ընդհանուր մոտեցումներ, մենք կարող ենք մինչև երկրորդ ընթերցում համապատասխան լրացումներ անել»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ կայացել է «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:  Կենտրոնը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 14-ի երեկոյան, վերադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին:  Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցություն են հայտնել ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին: Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին  է փոխանցել` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտել է ապրիլի 9-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պայմանավորվածության ձեռքբերման մանրամասները և շարժառիթը: 

ՀՀ Ոստիկանությունն ահազանգ է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման մասին։ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը  տեղեկացրել է, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, մեկնել է Մոսկվա՝ անձնական գործերով։ Նախկին նախագահի տան ուղղությամբ նռնակ է նետվել, սակայն այս տեղեկության հաստատում կամ հերքում ոստիկանությունն առայժմ չի տվել։ 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 14-ին կայացած լիագումար նիստում ընդունել է 2015թ-ին Թուրքիայի առաջընթացի մասին բանաձևը: Բանաձևի 1-ին բաժնի 8-րդ կետում Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Հայաստանին և Թուրքիային շարունակել իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը և «առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ»: Բանաձևում հղում է կատարվում նաև 2015թ-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ ընդունված բանաձևին: Reuters-ի փոխանցմամբ` այս հղման առնչությամբ Վիեննայում ելույթ ունենալիս մտահոգություն է հայտնել Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը` շեշտելով, որ իր կառավարությունը «առոչինչ» է համարում այդ բանաձևը և այն վերադարձնելու է խորհրդարանին:

Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը երեկոյում հրապարակեց Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը:

Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ այցելել են Էջմիածին և հյուրընկալվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ: Այնուհետև հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, Նոբելյան մրցանակակիրները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտում։ «Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար»,- այցելությունից հետո հայտարարել է Ահարոն Չեխանովերը։

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին, հայտնել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը:

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին տեղի հայկական համայանքը բողոքի ակցիա է կազմակերպելու։

Միջազգային խճանկար

Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 10-ին բախումներ են տեղի ունեցել քրդերի եւ թուրքերի միջեւ: Գերմանաբնակ թուրքերը ահաբեկչության դեմ բողոքի ցույց են կազմակերպել եւ մեղադրանքներ հնչեցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որը պայքարում է քրդերի իրավունքների համար: Քուրդ բնակչության  նկատմամբ թուրքական իշխանությունների զինված բռնությունների դեմ իրենց բողոքի ակցիան են կազմակերպել նաեւ գերմանաբնակ քրդերը: Թուրք ցուցարարների եւ քրդերի միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել եւ ձերբակալել ծեծկռտուքի մի քանի մասնակիցների:

«Յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները հռչակագիր են ընդունել միջուկային զինաթափման եւ չտարածման վերաբերյալ, որն ստացել Է Հիրոսիմայի հռչակագիր անվանումը: Համապատասխան փաստաթուղթը հաստատվել Է Հիրոսիմայում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա։ «Այս պատմական հանդիպմանը մենք հավաստում ենք մեր հավատարմությունը բոլորի համար առավել անվտանգ աշխարհի որոնմանը, ինչպես նաեւ միջուկային զենքից զերծ աշխարհի համար պայմանների ստեղծմանը»,- նշվում Է դրանում: «Ոչ մի պետություն չպետք Է միջուկային փորձարկումներ անցկացնի»,- ասված Է Հիրոսիմայի հռչակագրում:

Թուրքիան շարունակում է զենք մատակարարել տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալած «Ալ Նուսրա» իսլամիստական ահաբեկչական խմբավորմանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ գլխավոր շտաբի անդամ Սերգեյ Ռուդսկոյը: «Թուրքիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով զենք է մատակարարում «Ալ Նուսրա»-ին», -ասել է Ռուդսկոյը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ: Ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Իրանի երկու ընկերություններ ստորագրել են 1,3 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ՝ Հարավային Փարս հանքավայրից Իրաքի եւ Թուրքիայի տարածքով մայր գազատարի կառուցման համաձայնագիր՝ Եվրոպա գազի հետագա արտահանման համար:

Ժնեւում ապրիլի 13-ին սկսվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը միտված բանակցությունների երկրորդ փուլը, որն, ինչպես սպասվում է, կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Դրանք մեկնարկել են սիրիական ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) պատվիրակության հետ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հանդիպմամբ։

Սպորտ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 1-ին տեղը մեդալիների ընդհանուր հաշվարկով, իսկ ահա տղամարդկանց հավաքականը 2-րդն էր: Կանանց և տղամարդկանց հավաքականների ընդհանուր ցուցանիշով Հայաստանը դարձավ լավագույնը ծանրամարտի  2016 թ. Եվրոպայի առաջնությունում:

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի եզրափակչում ռինգ դուրս եկան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Երկու բռնցքամարտիկների մրցակիցներն էլ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ էին: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները եզրափակիչ դուրս գալով նվաճել էին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար օլիմպիական ուղեգրեր, ցավալիորեն տանուլ տվեցին եզրափակիչում: Եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր։ 64 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար սպասվող մենամարտը Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովի և Թուրքիայի ներկայացուցիչ Բութհուան Գոցկեկի միջև տեղի կունենա ապրիլի 17-ի երեկոյան: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար կնվաճի օլիմպիական 5-րդ ուղեգիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]