Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիտվացի դերասանուհին սիրահարվել է Արցախին ու արցախցիներին

Լիտվացի դերասանուհին սիրահարվել է Արցախին ու արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմում մարմնավորում է հայ տղամարդու որդեգրած աղջկան: Դերասանուհին մեծ ոգևորությամբ է խոսում իր կերպարի և կինոնկարում աշխատանքի մասին: Փաստում է` սիրահարվել է Արցախին և նրա բնակչությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն պատմում է «Վերջին բնակչի», նկարահանումների ընթացքի և Հայաստանում սրտի մի կտոր թողնելու մասին:

Հանդիպում ռեժիսորի հետ

Երբ ես Վիլնյուսում ավելի քան երկու տարի առաջ հանդիպեցի Ջիվան Ավետիսյանին, հասկացա, որ այս մարդու հետ շատ ընդհանուր բաներ ունեմ: Նրա վերաբերմունքը կինոնկարների, թատրոնի և կյանքի նկատմամբ միավորեց մեզ և ապագա համագործակցության հույս տվեց: Ես հայտնաբերեցի, որ նա անկեղծ և հետաքրքիր մարդ է, և նա իր նոր ֆիլմում դրամատիկ և հետաքրքիր դեր խաղալու հիասքանչ առաջարկ արեց ինձ: Ես շատ ուրախ և ոգևորված էի այդ առթիվ:

Այց Արցախ

Երբ առաջին անգամ` երկու տարի առաջ, եկա Ղարաբաղ, Ջիվանը ցանկացավ, որ ինձ տանը զգամ: Սկզբից հեշտ չէր: Տեսարանն իրոք տպավորիչ էր, բայց իրական զգացողություններն ի հայտ եկան նկարահանումների ժամանակ: Ես սիրահարվեցի մարդկանց, մշակույթին և բնության տեսարաններին: Մի տեսակ հոգևոր փորձ էր, որը երբեք չեմ մոռանա: Երբ մեկնում էի, հասկացա, որ իմ սրտի մի կտոր թողել եմ Հայաստանում և ինձ հետ տանում եմ լավագույն փորձը, որ ունեցա այնտեղ:

Անկեղծ ու նվիրված մարդիկ

Ես հանդիպեցի ամենաանկեղծ և նվիրված մարդկանց: Ֆիլմի նկարահանման հրապարակում ես հնարավորություն ունեցա աշխատելու այնպիսի տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Խաչատրյանը, ով ֆիլմում մարմնավորում է իմ հոր կերպարը, Հոմայուն Էրշադին, Սոս Ջանիբեկյանը: Նրանք հիասքանչ գործընկերներ և ընկերներ էին:

...Մենք գեղեցիկ, ցուրտ գիշերային նկարահանումներ ունեցանք, և անձնակազմը լեռներում քնում էր նստարաններին: Չնայած որոշ դժվար պահերին, ամենակարևորը ֆիլմի ոգին էր, և որոշ առումով սրբազան զգացումը և այն մթնոլորտը, որը կիսում էին բոլորը:

Ռեժիսորի կիրքը, խանդավառությունը և էներգիան ոգեշնչեցին մեզ հավատալու, որ ամեն ինչ հնարավոր է: Անձնակազմի յուրաքանչյուր անդամ հավատաց դրան, և փորձեց անել լավագույնը: Շնորհակալ եմ բոլոր օգնող, բարի և ընկերասեր անձնակազմի անդամներին և գյուղացիներին. նկարահանման գործընթացը լի էր հետաքրքիր պահերով:

Նկարահանվելու առաջարկը

Ջիվանը Կաննում տեսել էր իմ վերջին` «Սանտա» ֆիլմը, և ասել, որ շատ է հավանել իմ աշխատանքը: Նա կապի մեջ էր մտել ինձ հետ ֆեյսբուքով, և առաջարկել նկարահանվել նոր ֆիլմում: Մինչ նկարահանվելը, ես տեսել էի Ջիվանի «Թևանիկ» գեղարվեստական, «Ղարաբաղ թաքնված գանձ» վավերագրական կինոնկարը, «Ընդհատված մանկությունը»:

Ես կարծում եմ, որ նրա աշխատանքները դրամատիկ են, իրականում հուզիչ և կյանքին մոտ: Ես կցանկանամ նրա և այդ հիասքանչ մարդկանց հետ նորից աշխատել:

«Վերջին բնակիչը» և նրա պատմությունը

Ցավալի է, բայց այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, կարող է պատահել ամենուր: Բայց ես հավատում եմ, որ կյանքում ամենակարևոր առաքինություններն են սերը, ընկերությունը, հավատը և աջակցությունը. դրանք կփրկեն աշխարհը և մարդկությունը: Ահա թե ինչպես եմ ես տեսնում այս ֆիլմը:

Ես խաղում եմ Յուրգայի դերը, ով մի լիտվացի աղջիկ է, որին որդեգրել է հայ տղամարդը և տարել Ղարաբաղ: Նրան սիրել են և փայփայել: 30 տարեկանում ամուսնու սպանությունը տեսնելուց հետո նա տառապում է հոգեկան խանգարումով և բուժվում է հոգեբուժարանում: Ավելի ուշ նրան բերում են հայրենի գյուղ, որտեղ նրան սպասում և խնամում է հայրը:

Արտակարգ փորձ էր: Ես շատ ուրախ եմ և հպարտ: Ջիվանի և իմ հերոսուհու հոր` Ալեքսանդր Խաչատրյանի հետ մենք Հայաստանում հոգեբուժարան այցելեցինք: Ես նման բան անում եմ Լիտվայում` հասկանալու և զգալու իրականությունը, սովորելու նման խանգարում ունեցող մարդկանցից: Այս փորձը երբեք չեմ մոռանա, և շնորհակալ եմ Ջիվանին` ինձ այս դերը վստահելու համար:

...Այս պահին աշխատում եմ թատրոնում, որտեղ մենք վերջերս ենք ներկայացրել երկու պրեմիերա: Բացի այդ, ես հեռուստատեսային շոուի հաղորդավար եմ: Ու անհամբեր սպասում եմ տեսնելու նաև «Վերջին բնակիչը»:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար երաժշտություն է գրել աշխարհահռչակ Սերժ Թանկյանը, որից «Արմենպրես»-ն ավելի վաղ հարցազրույց է վերցրել կինոնկարի մասին: «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն:«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Զրույցեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]