Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ


Մեկ շաբաթ է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը կոչ արեցին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։

Համաշխարհային առաջնորդները վճռականորեն դատապարտեցին հրադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղում՝ կողմերին հորդորելով զսպվածություն ցուցաբերել, միաձայն հայտարարելով, թե այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Բաքվին և Երևանին նման կոչեր հասցեագրեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը։ Արդյունքում՝ ապրիլի 5-ին Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի (գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկով vs գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով) հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

Որպեսզի արյունահեղությունը նոր թափով չբռնկվի, կարծում ենք, որ առանձնապես կարևոր է վերլուծել, թե ինչը կամ ով հրահրեց ադրբեջանական իշխանություններին դիմել նման, մեղմ ասած՝ ծայրահեղ վտանգավոր ռազմական արկածախնդրության։ Ո՞ւմ և ինչի՞ վրա էր նրանց հույսը։ Այստեղ կարևոր է, բացառապես փաստերի վրա հենվելով, պարզել Ադրբեջանի սանձազերծած ադրբեջանա-ղարաբաղյան քառօրյա պատերազմի պատճառները։ Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ղեկավարության ծավալած ռազմական գործողությունների դրդապատճառների վերլուծությանը կօժանդակի Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի երկխոսությունը ս.թ. ապրիլի 4-ին «Ժամանակը ցույց կտա» («Время покажет») ծրագրի հաղորդավար Պյոտր Տոլստոյի հետ։ Եվ այսպես, Հեյդար Ջեմալ. «Քանի որ բոլոր ռուսները, ճնշող մեծամասնությամբ, հավանաբար, պաշտպանում են հայկական կողմին, ինտրիգն ասես ինքնին՝ ինտրիգի շարժառիթը, ակներև է դառնում։ Որովհետև Հայաստանը ռուսական քաղաքականության գործոն է հանդիսանում»։ Պյոտր Տոլստոյ. «Ադրբեջանն էլ՝ թուրքական քաղաքականության գործոն»։ Հեյդար Ջեմալ. «Այ, Ադրբեջանը բարդ, մեծ խաղ է վարում՝ մանիպուլյացիաներ անելով, մանևրելով...»։ Պյոտր Տոլստոյ. «Ինչո՞ւ հենց հիմա սկսվեցին մարտական գործողությունները»։ Հ.Ջեմալ. «Բացատրեմ։ Որովհետև փակվեց սիրիական ճակատը»։

Ուրեմն, այդ ի՞նչ «այդպիսի» բարդ, մեծ խաղ է վարում Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանը։ Չարժե կասկածել, որ այդ խաղը «կռահել» է ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծաբանական Stratfor ընկերությունը, որը հաճախ անվանում են «ստվերային ԿՀՎ»։ Այսպես, ս.թ. մարտի 28-ին Stratfor-ի 2016թ. 2-րդ եռամսյակի վերլուծական կանխատեսման մեջ գրված է. «Ադրբեջանը կթեժացնի իրավիճակը՝ Հայաստանի հետ վիճելով Լեռնային Ղարաբաղի համար, փորձելով շեղել բնակչության ուշադրությունը ներքին տնտեսական դժվարություններից։ Սակայն լուրջ մարտական գործողություններ հազիվ թե սկսվեն։ Ռուսաստանը և Թուրքիան կփորձեն ազդել երկու կողմերի միջև բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով իրենց դաշնակիցների միջոցով»։ Մտապահենք այս կանխատեսումը։ Հիշենք նաև, որ Վաշինգտոն կատարած այցելության (մասնակցելու համար միջուկային անվտանգության գագաթաժողովին) նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին ներում էր շնորհել 148 բանտարկյալի, ներառյալ 14 մարդու, որոնց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համարում էին քաղբանտարկյալ։ Հիշենք, որ Ադրբեջանում դեռևս բանտարկության մեջ է գտնվում ավելի քան 80 մարդ՝ դատապարտված քաղաքական դրդապատճառներով։ Պարզ է, որ Ադրբեջանի նախագահի այս քայլը թելադրված էր լոկ ավտորիտարիզմից հեռանալու լավ ֆոն ստեղծելու ցանկությամբ՝ նպատակ ունենալով ապահովել ամերիկյան իշխանությունների՝ փոխնախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների բարենպաստ ելքը։ Ալիևի այս պարզունակ խորամանկությունն անմիջապես պսակազերծվեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1998թթ.) Ռիչարդ Կոզլարիչի կողմից, որն ասաց. «ԱՄՆ կառավարությունը չպետք է «պարգևատրի» մի ռեժիմի կամ գովաբանի նրան այն բանի համար, որ ազատ է արձակել մարդկանց, որոնք չպետք է դատապարտված լինեին, կամ բարձր մակարդակով հանդիպի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ։ Եթե մենք դա անենք, մենք այդ մարդկանց կվերածենք պատանդների, Ադրբեջանի իշխանությունների հաղթաթղթի, որոնք կփորձեն օգտագործել դա ԱՄՆ-ից և Եվրոպայից քաղաքական և տնտեսական շահ ստանալու համար»։ Սա պրոֆեսիոնալ մարդու խելոք, խորաթափանց դիտարկումն է, մարդ, որը լավ գիտե Ադրբեջանի առաջնորդի բազմադեմ քաղաքականության նրբությունները։

Ադրբեջանի ղեկավարությունը մի փոքր այլ հունով տարավ իր քաղաքականությունը Եվրամիության հետ։ Ս.թ. փետրվարի 29-ին Բաքվում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» (այսուհետ՝ ՀԳՄ) Խորհրդակցական խորհրդի երկրորդ նիստը։ Նշենք, որ նիստին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները, Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը, ԱՄՆ պետքարտուղարության՝ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքսթայնը, խողովակաշարային TANAP (Տրանսանատոլիական գազամուղ) և TAP (Տրանսադրիատիկ գազամուղ) կոնսորցիումների ղեկավարները։ Հանդիպումն ավարտվեց ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ, որը ստորագրվեց Ադրբեջանի նախագահի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայությամբ։ Նշենք, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը հենց այդ ժամանակ էլ հայտարարել էր, թե Ադրբեջանը միջոցներ կներդնի TANAP և TAP գազամուղների կառուցման մեջ՝ անկախ էներգետիկ շուկաների իրավիճակից։ Նշենք, որ «Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի համար գերակա նախագծերից մեկն է և նախատեսում է 16 մլրդ մ3 գազի տեղափոխում. 6 մլրդ մ3՝ Թուրքիա, 10 մլրդ մ3՝ Վրաստանով և Թուրքիայով՝ Եվրոպա։ Վերջերս ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը Բրյուսելում, ԵՄ էներգետիկ համագործակցությունը «Արևելյան գործընկերության» և Կենտրոնական Ասիայի երկրների հետ» կոնֆերանսի ժամանակ ասել է, թե «Հարավային գազային միջանցքը» ներկայիս ամենախոշոր ենթակառուցվածքային նախագծերից մեկն է։ Վերլուծաբանների կարծիքով՝ նախագծի հիմնական նպատակը Եվրոպային, Ռուսաստանը (որպես գազի մոնոպոլիստ մատակարարի) և Ուկրաինան (որպես մոնոպոլիստ տարանցողի) շրջանցելով, գազի մատակարարման անվտանգության բարձրացումն է։ Ընդ որում՝ ենթադրվում է, որ հիմնական մատակարարներ են դառնալու Ադրբեջանը, Թուրքմենստանը և, գուցե, Իրաքը։ Նշենք, որ այդ նախագծի հայտարարված արժեքը 45 մլրդ դոլար է, ընդ որում՝ 14 մլրդ-ն Ադրբեջանի բաժինն է։ Չնայած նավթի գների կտրուկ անկմանը՝ ՀԳՄ մասնակից պետությունները և ընկերությունները, ինչպես նաև վարկատու բանկիրները հայտարարեցին իրենց պարտականությունները ժամանակին կատարելու պատրաստակամության մասին։ Գազի առաջին մատակարարումը Թուրքիային TANAP-ով ակնկալվում է 2018թ., իսկ Եվրոպա ադրբեջանական գազը TAP-ով կհասնի 2020թ.։

Կարծում ենք, որ վերը ներկայացվածից հետո Ադրբեջանի ղեկավարությունն իր հաշվարկներում լիովին կարող էր հույսը դնել եվրոպացի գործընկերների բարեհաճության վրա, որոնք, իր պատկերացմամբ, կազատվեն ռուսական գազային մոնոպոլիստից, կապահովեն էներգետիկայի դիվերսիֆիկացիան և կամրապնդեն իրենց երկրների էներգաանվտանգությունը։

Սակայն այս նոր հանգամանքների գիտակցումը, որոնք էլ, ըստ երևույթին, ներշնչել են Ադրբեջանի ղեկավարությանն իրենց՝ արտաքուստ թվացյալ արտոնյալ վիճակի մասին, բավարար չէին կարող լինել ռազմական արկածախնդրություն սկսելու համար։ Նրանց անհրաժեշտ էր շատ ավելին՝ Թուրքիայի ռազմական մեքենայի աջակցությունը։ Թուրքական կողմից անվերապահ աջակցության հավաստիացումները երկար սպասել չտվեցին։ Մարտի 15-ին, Թուրքիա-Ադրբեջան բարձրամակարդակ ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարեց. «Սա (Ալիևի այցն Անկարա՝ մասնակցելու համար նիստին, որը նախատեսվում էր անցկացնել Բաքվում) համարում եմ ևս մեկ ապացույց հանգուցյալ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ՝ երկու պետություն» խոսքերի ճշմարտացիության։ Ադրբեջանն այն բարեկամներից է, որոնց ճանաչում ես նեղության մեջ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին հաշվի առնել այս եղբայրական մեսիջները և դրանցից հետևություններ անել»։ Էրդողանի այս վերջին բառերի մեջ անթաքույց սպառնալիք կա՝ չմիջամտել արդեն այդ ժամանակ թուրքական և ադրբեջանական գեներալիտետների ծրագրած բլից-կրիգին ղարաբաղա-ադրբեջանական շփման ամբողջ գծով։

Էրդողանի հետ սիրալիրությունների փոխանակման գործում հետ չմնաց նաև Իլհամ Ալիևը. «Որքան ուժեղ լինի Թուրքիան, այնքան ուժեղ կլինի նաև Ադրբեջանը... Թուրքիայի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Վերջերս մեր զինվորականները համատեղ զորավարժություններ անցկացրին, ինչը շատ լավ ավանդույթ է դարձել։ Մենք Թուրքիայից գնում ենք տարբեր տեսակի ռազմատեխնիկա և սպառազինություններ։ Թուրքիայի հաջողությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուժեղացնում են Ադրբեջանի պաշտպանունակությունը»։

Կարծում ենք, որ Ադրբեջանի (որը միաժամանակ համարվում է Ռուսաստանի «ռազմավարական գործընկերը») նախագահի խոսքերը չեն առաջացնի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խանդը, որը ս.թ. ապրիլի 8-ին հայտարարեց Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքը շարունակելու մասին՝ «պայմանագրերի համապատասխան։ Մեզ (Ռուսաստանի) համար  երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։

Միևնույն ժամանակ, ուզում ենք հավատալ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, հարգարժան Մարիա Զախարովային ինչ-որ բան գուցե հուշեն թուրք-ադրբեջանական առաջնորդների այս «կորովի» հայտարարությունները։ Ավելին, նա այլևս ստիպված չի լինի ասես թե արդարանալ Ադրբեջանի առջև Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար, երբ կհայտարարի. «Մենք հույս ունենք, որ այս փաստը (նկատի ունի 200 մլն դոլարի արտոնյալ վարկը, որը Ռուսաստանը տրամադրել է Հայաստանին զենք գնելու համար)... Սպառազինությունների ցանկացած մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին մեր կողմից իրականացվում է՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մանրակրկտորեն հաշվի առնելով» (25 փետրվարի 2016թ., http://tass.ru/politika/2695391)։ Միևնույն ժամանակ, նշենք, որ 2010-ից մինչև 2014թ. ընկած ժամանակահատվածում Մոսկվան և Բաքուն կնքել են մի շարք պայմանագրեր՝ 4 մլրդ դոլար արժողությամբ, ուղղաթիռների, ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի, տանկային տեխնիկայի և հրետանային սպառազինությունների մատակարարման մասին (http://www.oborona.gov.ru//news/view/9689)։ Այսինքն՝ անգամ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ռուսաստանյան ներքին գներով, բնավ չարժե խոսել ուժերի հավասարակշռության պահպանման մասին։ Այն խախտված է հօգուտ Ադրբեջանի տասնհինգակիչ չափով։

Վերը բերված գործոնների այս ամբողջ համախումբն էլ հավանաբար մղել է Ադրբեջանին՝ բլից-կրիգ իրականացնել, որը լիովին ձախողվեց հենց չորրորդ օրը։ Սակայն այստեղ կուզենայի ուշադրություն հրավիրել շատ էական գործոնների վրա։ Այսպես. այն ժամանակ, երբ, ինչպես արդեն նշել ենք, մարտական գործողություններ սկսելու առաջին իսկ օրը ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԳԴՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդի ղեկավարները հանդես էին գալիս ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համառ կոչերով, իրենց միանգամայն սպասելի ձևով պահեցին թուրք առաջնորդները։

Կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների թեժ պահին, Մերիլենդի նահանգում (ԱՄՆ) թուրք-ամերիկյան մշակութային և քաղաքակրթական կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց. «Մենք աջակցելու ենք Ադրբեջանին մինչև վերջ... Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները հաղթեն այդ բախումներում որքան հնարավոր է քիչ կորուստներով»։ Այդ օրերին ամբողջ աշխարհն էր խաղաղություն հորդորում, իսկ Էրդողանը պատերազմի կոչ էր անում, ավելին՝ աղոթքով դիմում էր Բարձրյալին. «Թող ալլահն օգնի մեր ադրբեջանցի եղբայրներին»։ Լսեց թուրք նախագահի աղոթքը մեր Տեր Աստված և օգնեց «ադրբեջանցի եղբայրներին խելքները գլուխները հավաքել և խնդրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ միջնորդական առաքելություն ստանձնել և ձեռք բերել հայկական երկու պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինվորական ղեկավարության համաձայնությունը հրադադար կնքելու շուրջ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի այդ ելույթում բաժին հասավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Մենք բախվեցինք այսպիսի միջադեպի, որովհետև Մինսկի խումբը թերագնահատեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է օկուպացիայի մեջ (Հայաստանի կողմից) երկար տարիներ։ Եթե Մինսկի խումբն արդարացի և վճռական քայլեր ձեռնարկեր այս առիթով, նման իրավիճակ չէր ստեղծվի»։ Այստեղ չեմ կարող մեջբերում չանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից։ Ս.թ. մարտի 30-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ելույթ ունենալով Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել։ ...իսկ ի՞նչ էր 1921թ. Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ՝ օկուպացիա»։

Իր շեֆի ռազմաշունչ հռետորաբանությանը հավատարիմ մնաց նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որն այդ նույն օրը՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, ասաց հետևյալը. «Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան մինչև ահեղ դատաստանի օրը կշարունակի ուս ուսի, մինչև վերջ պաշտպանել եղբայրական Ադրբեջանին Հայաստանի ագրեսիայի և օկուպացիայի դեմ։ Ադրբեջանի ամեն մի զոհված զավակ նաև մեր շեհիդն է։ Ադրբեջանի արդար պայքարին աջակցությունը կշարունակվի, ինչպես և առաջ, Թուրքիայի 78 միլիոն քաղաքացիները կսատարեն Ադրբեջանին, մինչև որ Ադրբեջանի օկուպացված հողերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղը, չազատագրվեն»։

Հավանաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինվորների անօրինակ հերոսությունը, աշխարհի հայության համախմբումը և ոչ թե «օկուպացված ադրբեջանական տարածքները», այլ իրենց սուրբ մայր Հայրենիքը պաշտպանելու վճռականությունը սթափեցնող ներգործություն ունեցան Իլհամ Ալիևի վրա։ Նա ականջ չկախեց Մերիլենդից (ԱՄՆ) և Անկարայից միաժամանակ հնչող Էրդողանի և Դավութօղլուի՝ «ջիհադը» շարունակելու կոչերին։ Նա այլ կերպ վարվեց։ 2016թ. ապրիլի 6-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ափշերոնյան հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ասաց. «Ռուսաստանը նորից հանդես եկավ նախաձեռնությամբ, և նրա միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեցին»։ Ընդ որում՝ նա առիթը բաց չթողեց ասելու, հավանաբար՝ նկատի ունենալով Էրդողանի և Դավութօղլուի հայտարարությունները, թե մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում «անհանգստություն են առաջացրել աշխարհում»։

Այո, այսօր փխրուն հրադադար է հաստատվել։ Բայց ռազմական լարվածության թեժացման վտանգը ղարաբաղյան ճակատում պահպանվում է։ Պահպանվում է, որովհետև առաջին տարին չէ, որ խրախուսվում է օսմանիզմի գաղափարախոսությամբ։ Թուրքիայի ներկայիս կառավարողների համար նեոօսմանիզմն իրենց ողջ կյանքի գործն է։ Եվ սա չափազանցություն չէ։ Հիշենք, որ 1997թ. Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սղերդ քաղաքում հանրահավաքի ժամանակ կրոնական բանաստեղծություն է կարդացել. «Մեր սվինները մեր մինարեթներն են, մեր սաղավարտները՝ մզկիթների գմբեթները, մեր զորանոցները իսլամական տաճարներն են, մեր զորքը՝ բոլոր մուսուլմանները»։ Բանն ավարտվել է նրանով, որ 1998թ. ապրիլին պետական անվտանգության դատարանը Էրդողանին դատապարտել էր տասն ամսվա բանտարկության Թուրքիայի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով (երկպառակության հրահրում բնակչության շրջանում)։ Չորս ամիս անց նրան ազատ արձակեցին, և մի քանի տարի նա իրավունք չուներ պետական պաշտոններ զբաղեցնել և առաջադրվել ընտրություններում։ Կարծում ենք, որ թուրք առաջնորդի կենսագրության այս տողերը գաղտնիք չեն։ Սակայն ներկա պայմաններում դրանք ձեռք են բերում չարագուշակ իմաստ։ ԻԼԻՊ-ը և «Ջեբհաթ-ան-Նուսրան» Էրդողան-Դավութօղլուի համար գուցե Մեծ Թուրանի գաղափարը վերածնելու և այն Ջիբրալթարից մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան տարածքի վրա իրականացնելու նախակարապետներն են։

Հավանաբար, թուրք նեոօսման առաջնորդների բոլոր խաղաթղթերն իրար խառնեցին Ռուսաստանի փառապանծ ռազմատիեզերական ուժերը, որոնք վճռորոշ նշանակություն ունեցան Սիրիայում իրավիճակը բեկելու հարցում, և այդ ժամանակ էլ հենց Էրդողան-Դավութօղլուին անհրաժեշտ եղավ նոր ճակատ բացել Ռուսաստանի հարավային մատույցում, դե՛, մեկ էլ տեսար՝ նաև Ղրիմում...

 

Հ.Գ. Հայաստանի և Ադրբեջանի կողմից հրադադար հաստատելու հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, «Քաղաքականություն» («Политика») ծրագրի ստուդիայում խոսակցությունն այն մասին էր, թե ում էր ձեռնտու հակամարտության սրումը ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության շրջանում, ինչու այն նորից սրվեց, ինչ սպառնալիքներ է պարունակում և ինչպես լուծել այն։ Բանավեճին մասնակցում էր նաև Ռուսաստանի հայտնի քաղաքական-հասարակական գործիչ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Լսենք, թե ինչ ասաց նա եթերում. «Բայց այն, ինչ պետք է անեն միջնորդները (նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները- Ա.Գ.), կարգավորման պայմաններ թելադրելն է։ Այդ պայմանները, ըստ իս, պետք է լինեն հետևյալը, սա իմ անձնական կարծիքն է. անկախություն Լեռնային Ղարաբաղին, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ։ Կարող եք ասել ինչ ուզում եք, բայց դա երբեք չի լինի, և, միևնույն ժամանակ, Ադրբեջանին այն շրջանների վերադարձ, որոնք այսօր զբաղեցնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը՝ անկախության ճանաչման դիմաց։ Ահա սա էլ լուծումն է»։ Ծրագիրը վարող Պյոտր Տոլստոյ. «Իսկ ո՞վ է երաշխավորելու»։ Կոնստանտին Զատուլին. «Այս որոշումը երաշխավորելու են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան։ Նրանք են Մինսկի խմբի միջնորդները։ Որովհետև Բաքվում և Երևանում այս լուծումը չեն ընդունի։ Ամեն անգամ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն. ոչ մի դեպքում, դա դավաճանություն է ազգային շահերին։ Ուստի, հարկավոր է, որ պատասխանատվության մի մասն իրենց վրա վերցնեն այդ միջնորդները։ Եվ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են համատեղ գործել։ Ինձ թվում է, որ սա այն հազվագյուտ դեպքն է, երբ կարող են»։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Հայաստանի մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության և

«Հյուսիսային հեռանկար» հասարակական

կազմակերպության նախագահ

www.amiab.am

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ