ԼՂ-ում ռազմական գործողությունների լայնածավալ դառնալու պարագայում ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակվելու և լայնածավալ մասշտաբ ստանալու պարագայում Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին: Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նա փաստել է, որ մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: «Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում