Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանի տարածքից

Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել մեկնել արտասահման: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան բերման են ենթարկել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել, հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին:

Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 78-ամյա ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին 2013 թվականին իշխանությունների կողմից հարձակումների, փնովման եւ պատիժների է ենթարկվել այն բանից հետո, երբ հրատարակել է «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:

Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ.) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ, որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար:

«Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է անցյալ դարասկզբին Նախիջեւանում` Ագուլիսում եւ 1988-1990 թթ. Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպը 2012 թվականի դեկտեմբերին հրապարակվել էր ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:

Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ. Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից,1000 մանաթ (մոտ 1000 եվրո կազմող) նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը: 

Միայն ԶԼՄ-երի միջամտությունից հետո է քաղաքական գործիչը Ադրբեջանի ՆԳՆ կողմից «զգուշացվել» նման կոչերի անօրինական լինելու մասին:

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2013 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած եղելությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]