Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Գրեյգը վստահ է «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողության հարցում

Արմեն Գրեյգը վստահ է «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Գրեյգը (Գրիգորյան) ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում խաղացած իր դերը լավագույնն է համարում: Դերասանը վստահ է` արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Գրեյգը պատմում է մարմնավորած հերոսի, Ջիվան Ավետիսյանի հետ աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Արմեն Գրեյգը` դերի մասին

Ֆիլմում մարմնավորում եմ ադրբեջանցի պարետի, ով բավականին խիստ է և իր սեփական պատկերացումն ունի այն հարցում, թե ինչ է անում և ինչի համար է պատերազմում: Նա զինվոր է և պատերազմում է իր երկրի համար. ես կարող եմ նրան հասկանալ, որովհետև նա հրամանների է ենթարկվում: Մենք հիմա չենք խոսում, թե իրականում ինչի համար է նա պայքարում. նա անում է դա և վատ չի անում: Նա ունի նաև լավ կողմեր, իր ձևով հասկացող մարդ է, բայց երկների միջև հարաբերություններն այդպես են ձևավորվել. դրանից չես փախչի:

Հետևել եմ հոտառությանս

Ես ուղղակի հետևել եմ իմ հոտառությանը, պատկերացրել կերպարը, փորձել ստանալ նրա բնավորությունը: Թե ինչպիսին է նա դարձել, կտեսնենք էկրաններին:

Ոչ պոպկորնային լուրջ ֆիլմ

Իմ կարծիքով ֆիլմը «պոպկորնային» ժանրի չէ: Ֆիլմ է, որը պետք է դիտել հատուկ ուշադրությամբ: Վստահ եմ, որ այն հաջողություն կունենա, հնարավոր է` ոչ դրամարկղային լինի, բայց չեմ կասկածում, որ ֆիլմի փառատոնային կյանքը հարուստ կլինի: Սա այն թեման է, որը հետաքրքիր կլինի շատերին և շատ երկրներում: Այստեղ մարդկային զգացողություններն են` ապրումներ, հարաբերություններ, ընկերություն և հետո միայն պատերազմ ու դրա հետևանքները: Կարծում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:

Տեսել եմ Ջիվանի ֆիլմերից…

Մինչև ֆիլմում աշխատելը ճանաչում էի Ջիվանին (Ջիվան Ավետիսյան, ֆիլմի ռեժիսոր-հեղ.): Մենք միասին 2013-ին եղել ենք Կաննի կինոփառատոնում, ես տեսել եմ Ջիվանի որոշ աշխատանքներ:

Ինձ համար հաճելի էր նրանից ստանալ ֆիլմի մաս լինելու առաջարկությունը: Թեև ֆիլմում փոքր մասնակցություն ունեմ: Որպես դերասան` ինձ համար հեշտ է եղել աշխատել նրա հետ: Ես կարծում եմ, որ սա իմ լավագույն դերերից է, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Շատ հեշտ էր նաև աշխատել դերասանների հետ. անձնակազմը շատ լավն էր ու պրոֆեսիոնալ: Նրանցից ոմանց հետ ավելի վաղ աշխատել եմ:

Հայրենիքը և Բիթլզ քառյակը

Նկարահանումների ընթացքում ես բացահայտեցի նաև իմ հայրենիքը: Հորս մայրը նույնպես Ղարաբաղից է, այնքան հաճելի էր գտնվել նախնիների հողում: Հաճելի էին դերասանական կազմի հետ երեկոյան հավաքները, ընթրիքներն ու զբոսանքը քաղաքով: Երբ մենք մի երեկո Սոս Ջանիբեկյանի, Հոմայուն Էրշադիի և Ալեքսանդր Խաչատրյանի հետ զբոսնում էինք, խնդրեցի նրանց Բիթլզի պես քայլել հետիոտների հատվածում: Նկարվեցինք: Զվարճալի ստացվեց:

Առաջիկա ծրագրեր

Ես, ցավոք, քիչ եմ աշխատում Հայաստանում, աշխատում եմ Հնդկաստանում, Էմիրություններում: Հիմա էլ սկսել եմ Մոսկվայում գործունեություն ծավալել: Մոսկվայում ավարտել ենք հատուկ ծառայությունների մասին սերիալի պիլոտային մասի նկարահանումը, որտեղ ես խաղում եմ Թիմուրի դերը: Նա հատուկ ջոկատի կապիտանն է: Զուգահեռ նկարահանվում եմ Էմիրություններում, «Կյանքի էլիքսիր» կինոնկարում: Ավարտել եմ նկարահանվել հոլիվուդյան «Պատերազմի մեքենա» ֆիլմում, որտեղ փոքր կերպար եմ մարմնավորել` զինվոր Գրեկոյին: Կինոնկարի մի մասը Էմիրություններում է նկարահանվել: Ֆիլմում գլխավորում դերում խաղում է Բրեդ Փիթը: Ապրիլին Դուբայում սկսվում են ֆիլմի նկարահանումներ, որտեղ մարմնավորում եմ ռեստորանի տիրոջ կերպար: Նաև նկարահանվելու եմ Հայաստանում ` ռուսական «Հայրեր» սերիալում. մարմնավորելու եմ հատուկ գործակալի դերը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար երաժշտություն է գրել աշխարհահռչակ Սերժ Թանկյանը, որից «Արմենպրես»-ն ավելի վաղ հարցազրույց է վերցրել կինոնկարի մասին: «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Զրույցեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]