1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ու Վրաստանը բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման կողմնակից են

Հայաստանն ու Վրաստանը բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման 
կողմնակից են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը ունեն հաստատուն ձգտում խորացնելու ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց արտաքին գերատեսչության նոր շենքում օտարերկրյա առաջին բարձրաստիճան հյուրի ներկայությունը, ով նաև հանդիպում է լրագրողների հետ: Նա նկատեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերություններն ավանդական են, որոնք ամրագրված են երկու ժողովուրդների միջև բարեկամությամբ: «Ասել, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել: Այն ամենը, ինչը բնորոշ է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված են: Դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու ժամանակով ստուգված հարևանություն է: Մեր հարաբերությունները շարունակում են խորանալ` ունենալով այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ միևնույն աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող երկրների ԱԳ նախարարների համար օգտակար են նման հանդիպումներն ու մտքերի փոխանակումները տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ բանակցությունների ժամանակ քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Բացի այդ, պայմանավորվել են առավել ակտիվացնել երկու արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը: «Վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկայի, զբոսաշրջության, տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: Մենք շարունակում ենք համագործակցությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության առումով»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ ԱԳ նախարարի կարգավիճակով առաջին պաշտոնական այցով է Հայաստանում: «Երևանում ես բազմիցս եմ եղել, առաջին անգամ եմ այս կարգավիճակով: Ուրախ  եմ, որ ամեն օր քաղաքը գեղեցկանում է: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել պարոն Նալբանդյանին հրավերի ու ջերմ ընդունելության համար: Մենք այդպիսի ընդունելություն ստանում ենք ամեն անգամ մեր հայ բարեկամների կողմից»,-ասաց Միխեիլ Ջանելիձեն:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, վրաց նախարարը կարևորեց, որ առկա հարցերը կարգավորվեն համատեղ ջանքերով, որը շատ կարևոր է երկու ժողովուրդների համար: «Հայ և վրաց ժողովուրդները բարեկամ են, նրանց միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք զարգացնենք բոլոր ուղղություններով»,-ավելացրեց նա:

Միխեիլ Ջանելիձեի խոսքով` չնայած արտաքին ինտեգրացիոն տարբեր վեկտորների ընտրությանը` երկրները ցանկանում են դա ծառայեցնել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք խոսեցինք, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ գործընթացները մեր համատեղ համագործակցության համար: Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ ու խոսել դրանց հետագա խորացման հեռանկարների մասին»,-հավելեց Վրաստանի ԱԳ նախարարը:

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հյուրն այցելել է նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, այդ թվում`պայմանագրեր համաձայնագրեր 57 Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Առեւտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առեւտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային եւ օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման եւ տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]