1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աղոթք եւ օրհնություն` այգիները ցրտահարությունից պաշտպանելու նպատակով

Աղոթք եւ օրհնություն` այգիները ցրտահարությունից պաշտպանելու նպատակով

ԱՐՏԱՇԱՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վերահաս ցրտահարության վտանգի նախօրեին պտղատու եւ խաղողի այգիներ, բանջարանոցներ ունեցող գյուղացիներից յուրաքանչյուրն իր հողակտորը ցրտից պաշտպանում է տարբեր եղանակներով: Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանն իր այգիները պաշտպանում է յուրօրինակ եւ յուրահատուկ տարբերակով` աղոթքով, օրհնությամբ ու հավատով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 17-ին Դալարի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը եւ Արարատ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի եւ խաղողի այգիներում կատարեցին օրհնության կարգ: Հոգեւորականները խնկարկեցին եւ օրհնեցին պտղատու այգիները` Աստծո օրհնությունը խնդրելով ծառերին, ծիլերին, սերմերին: «Քո առատ ողորմությունը տուր հողի մշակներին, ով Տեր, որպեսզի առատ բերք հավաքեն, որ կարկտաբեր ամպերը ցողի վերածվեն, իսկ քամին ու ցուրտը` մեղմ զեփյուռի»,-իրենց աղոթքում նշեցին Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր այրերը: Սեփականատեր Լեւոն Նադարյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, որ  նա այգին օրհնելու համար հրավիրում է Տեր Եփրեմ քահանա Հարությունյանին: Եվ իր իսկ խոսքերով` Աստծո զորությամբ, ամեն տարի 2 հա ծիրանի այգուց ստանում է 25-30 տոննա բերք, այն դեպքում, երբ հարեւան պտղատու այգիներն ընդհանրապես ծիրան չեն ունենում, կամ նույն մակերեսով այգի ունեցողները ստանում են 500 կգ բերք: Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը դրվատանքի խոսքեր ասելով Նադարյանների ընտանիքի հավատի մասին, ընդգծեց, որ վաղուց գիտի այդ ընտանիքին:

«Իսկ ընտանիքի մեկը հազար է դառնում շնորհիվ նրանց անսասան հավատի»,-հավելեց նա: Ապա, հոգեւոր հայրը հիշեցրեց Հիսուսի խոսքերը, որ եթե մանանեխի չափ հավատ ունենաս` լեռը տեղից կշարժես: Լեւոն Նադարյանը պտղատու եւ խաղողի այգիները էտել, բները բացել, բուժումը կատարել է ողջ ընտանիքով: Սակայն, նա մեջբերելով Աստվածանչի խոսքերն ասաց. «Իզուր են քաղաքի պահպանների ջանքերը, եթե Աստված չկամենա պահել քաղաքը»: Նա վստահորեն ու մեծ հավատով հավելեց, որ այգիները չի ծխահարում է, եւ ոչ էլ ոռոգում է: «Ամենակարեւորն արդեն արել եմ, եւ սպասում եմ առատ բերքի»,-իր խոսքը եզրափակեց Նադարյանը: Սուրենավան համայնքից հետո հոգեւոր այրերը օրհնեցին նաեւ Արմաշ գյուղի խաղողի եւ պտղատու այգիները:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]