Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 17.03.2016

Սպասվող լրահոս. 17.03.2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 18-ին, Ազգային ժողովում ճեպազրույցներ են: Խորհրդարանական խմբակցությունները կամփոփեն Ազգային ժողովի անցնող շաբաթվա նիստի աշխատանքները` կանդրադառնան հանրությանը հուզող հարցերին: Նույն օրը` կրկին Ազգային ժողովում, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպում է քննարկում  «ՀՀ ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ: Նախագիծը ներկայացված է ԱԺ պաշտոնական կայքէջում:

Սիրիայում հրադադարին միանալու համաձայնագրին նոր բնակավայրերն են միանում: Դրան զուգահեռ Ժնևում փորձ է արվում անցկացնել բանակցություններ` ուղղված սիրիական կոնֆլիկտի կարգավորմանը: Մերձավորարևելյան վերջին զարգացումները, ինչպես նաև այդ համատեքստում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները վերլուծելու են արևելագետ Սուրեն Մանուկյանն ու քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության հիմնախնդիրները և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության 2016թ. աշխատանքային ուղղությունները:

Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը` մարտի 20-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը: Ի՞նչ է խորհրդանշում Ծաղկազարդը, ինչպե՞ս է այն նշվել նախկինում եւ ներկայում, ո՞րն է տոնի կրոնական ու ժողովրդական իմաստը: Այս հարցերի շուրջ կխոսեն Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: Հայաստանում Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրների, ինչպես նաև հիվանդության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելուն եւ այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելուն միտված ծրագրերի մասին կխոսեն մասնագետները:

Մարտի 19-ին, ժ. 20:30-21:30-ը կանցկացվի «Մոլորակի ժամ» արշավը: Դա նշանակում է, որ մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Միջոցառումն անցկացվելու է աշխարհի 170 երկրում: Օրվան ընդառաջ այսօր հայաստանյան նախաձեռնողները կներկայացնեն արշավին Հայաստանի մասնակցության ծրագիրը, ինչպես նաև միջոցառման կարևորությունն ու նշանակությունը:

Հայաստանի հրաձգորդները հաջողություններ են գրանցել Եվրոպայում: Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Եվրոպայի առաջնությունում բրոնզե, արծաթե, ոսկե և աշխարհի առաջնությունում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Զավեն Իգիթյանը կհանդիպեն լրագրողների հետ և կներկայացնեն արձանագրված ցուցանիշներն ու հետագա ծրագրերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ: Տոնին ընդառաջ Գրողների միությունում կներկայացվեն Պոեզիայի համաշխարհային օրվա միջոցառումները ինչպես նաև կտեղեկացվի սպասվող Մանկապատանեկան գրքի շաբաթի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]