Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Վախճանվել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը

Վախճանվել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը:

Հովիկ Հախվերդյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 13-ին, Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվելով Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, կարծես թե կատարվում է նրա` երկրաբան դառնալու երբեմնի երազանքը: Սակայն 1959 թվականին` համալսարանն ավարտելուց հետո, նա հրապուրվում է ռեժիսորի մասնագիտությամբ և աշխատանքի անցնում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ:
1961-1971 թվականներին Հ. Հախվերդյանը Հայաստանի հեռուստապետկոմի ռեժիսորն էր: 1971 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1969 թվականին նկարահանել է իր առաջին` «Վարդան Աճեմյան» վավերագրական ֆիլմը: Այնուհետև, իրար են հաջորդել նրա ստեղծագործական մտահղացումների արգասիքները՝ «Կեսդարյա տարեգրություն» (1970 թ.), «Հայաստանի կամերային անսամբլը» (1971 թ.), «Հակոբ Կոջոյան» (1973 թ.), «Վասպուրական» (1973 թ.), «Արագած» (1974 թ.), «Բյուրեղապակի» (1974 թ.), «Ավետիք Իսահակյան» (1975 թ.), «Գորանի» (1977 թ.), «Աշխատող ատոմ» (1978 թ.), «Անձամբ պատասխանատու» (1979 թ.), «Իմ Հայաստանը» (1980 թ.), «Տարիներ, իմ տարիներ» (1981 թ.), «Մրցույթ» (1983 թ.), «Մատենադարան» (1983-98 թթ.), «Աղաղակող քարերի երկիրը» (2001 թ.), «Նարեկացի որոնելիս» (2009 թ.) վավերագրական և «Ճանապարհին» (1976 թ.), «Սերոբի ծառը» (1978 թ.) գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերը:
Երկար տարիներ Հ. Հախվերդայանը դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
1988 թվականին Հովիկ Հախվերդյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, իսկ  2006-ին` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Հովիկ Հախվերդյանի վերջին` «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է: Ֆիլմի մասին կինոռեժիսորը փաստում էր. «Նարեկացին ասես կողպված մի տուն լինի, որտեղ մտնել կարելի է կա՛մ երդիկով, կա՛մ պատուհանով. շքամուտքով ներս մտնելն անհնար է, քանի որ մի փականը բացելուց հետո, մյուսը պետք է բացել, հետո` մյուսը, և այսպես շարունակ...»: 
Հիրավի, այդպես է ստեղծագործել կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը մոտ կեսդարյա գործունեության ճանապարհին` յուրաքանչյուր ֆիլմ մի փական է բացել դեպի անցյալի ազգային առեղծվածը, և նրանից հետո դեռևս կշարունակեն բացվել նոր ու նոր փականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հովիկ Հախվերդյանի մահվան կապակցությաբ ստեղծված կառավարական հանձնաժողովից,  Հախվերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Ամիրյան 26), հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]