Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստան-Հունաստան. պատմականորեն ամրապնդված բարեկամական հարաբերություններ

Հայաստան-Հունաստան. պատմականորեն ամրապնդված բարեկամական հարաբերություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանն, անկասկած այն երկրներից է, որի հետ Հայաստանը խորը և կենսունակ բարեկամական հարբերություններ ունի, որոնք հիմնված են ինչպես երկու պետությունների ընդհանուր շահերի ու հետաքրքրությունների, այնպես էլ հայ և հույն ժողովուրդների դարավոր սերտ առնչությունների ու փոխադարձ համակրանքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թե Հայաստանի, թե Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ընդգծել են հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք տարբեր հարթություններում խորացնելու կարևորությունն ու երկուստեք պատրաստակամությունը:

Անկախությունից ի վեր Հայաստանն ու Հունաստանը սերտ համագործակցություն են ծավալել գործնականում բոլոր ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը բավական լայն է. ընդգրկում է միջպետական հարաբերություների, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտակրթական, առողջապահության, հաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ավելի քան 40 համաձայնագիր, արձանագրություն ու հուշագիր։ Հատկապես առանձնահատուկ մակարդակ ունի հայ-հունական ռազմական համագործակցությունը, որը զարգանում է ռազմական կրթության, միջազգային խաղաղապահության, ռազմարդյունաբերություն և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հունաստանը զգալի աջակցություն է ցուցաբերել հայկական խաղաղապահ ուժերի կայացման գործում: Իսկ 2004թ. հենց հունական զորախմբի կազմում Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում սկսվեց հայ զինվորականների խաղաղապահ առաքելությունը:

Հայ-հունական միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մասին վկայում են հաճախակի բնույթ կրող բարձրաստիճան փոխայցերը: 1992 թ. հունվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայկական կողմից պետական ու պաշտոնական պարբերական այցեր են կատարվել նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի ու խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով: Իսկ հունական կողմից բարձրաստիճան այցեր են կատարվել նախագահներ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի (1999թ.) և Կարոլոս Պապուլիասի (2007թ. և 2014թ.) գլխավորությամբ, ինչպես նաև արտգործնախարարի ու խորհրդարանի նախագահի մակարդակով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, 2011 թ. Հունաստան կատարած պետական այցի ժամանակ անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին, ընդգծեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: «Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

2014 թ. սեպտեմբերի 29-30-ը պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն ընդգծեց, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը ամրապնդվել է պատմության ընթացքում, «բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները»: Նախագահ Պապուլիասը շեշտեց, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի:

Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ 2014 թ. սեպտեմբերին ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:

Հատկապես ակտիվ են երկու երկրների խորհրդարանականների փոխայցելությունները: 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելեց Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն: Նա ծավալուն ելույթով հանդես եկավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում: Իր հերթին, 2015 թ. մայիսին Աթենքում կայացած՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառման գլխավոր բանախոսը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Այդ այցի ընթացքում Զոի Կոնստադոպուլուն, երախտագիտություն հայտնելով հայկական կողմին 2015 թ. մարտի 24-ին ԱԺ մակարդակով Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ, ընդգծեց, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]