Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Սպասվող լրահոս. 10.03.2016


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 10-ին, ՀՀ կառավարության հերթական նիստն է: Ըստ օրակարգային հարցերից մեկի` Կառավարությունը քննարկելու է Ռուսաստանի հետ գազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու երկու նախագիծ: Կառավարության մեկ այլ նախագծի համաձայն էլ` Հայաստանում ավտոմեքենաների համարանիշերում կօգտագործվեն նոր տառեր:

Վերջին շրջանում ամերիկյան մամուլում նկատվում են հակահայկական քարոզչության միտումներ: Հասկանալի է, որ դա թուրք-ադրբեջանական լոբբի գործողությունների հետևանք է: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալու է Ադրբեջանի հակահայկական քարոզչության նոր թեզերին ու մեթոդներին, Ադրբեջանի սահմանային ակտիվությանը:

Տարածաշրջանային թեմայի քննարկումը կշարունակի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նա անդրադառնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցին Վրաստան, որտեղ նախատեսված էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Որո՞նք ենք ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները, որքանո՞վ են դրանք կիրառվում Հայաստանում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ի և այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվում է սեմինար: Մասնակցում են ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ՝ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն, իսրայելական Պասկալ Թեքնոլոջիս (Paskal Technologies) ընկերությունները:  

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրավիրում է մասնակցելու «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով կլոր սեղանին: Նախատեսվում է, որ քննարկման ընթացքում կներկայացվեն նաև տվյալներ Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ:  

Օրենսդրական քննարկումները կշարունակվեն, սակայն  «Ընտրական օրենսգրքի» շեշտադրմամբ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը, ԱԺ պատգամավորներ ՀՀԿ-ներ Ռուզան Մուրադյանն ու Լևոն Մարտիրոսյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները «Ընտրական օրենսգրքում» սպասվող փոփոխությունների վերաբերյալ:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն էլ կներկայացնի 2016թ. հունվար, փետրվար ամիսների սպառողական գների փոփոխությունները:

Որքանո՞վ է Հայաստանում սուր դրված հարբեցողության խնդիրը, տարեկան որքա՞ն են կազմում ալկոհոլից թունավորվելու դեպքերը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպենսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանը կխոսեն թեմայի շուրջ:

«Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդես` Հայաստանում: Այդ կապակցությամբ  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը եւ Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նոռուզին կհանդիպեն լրագրողներին: Տեղի կունենա հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ