Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/2. Կոելյու, Ուայլդ, Նիցշե

Երևանյան բեսթսելեր 4/2. Կոելյու, Ուայլդ, Նիցշե

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, երրորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը չորրորդ տեղում է: Սա հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:  

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը վեցերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է` զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունն ութերորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: 

«Այսպես խոսեց Զրադաշտը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի  կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002թ.: 

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Պաուլու Կոելյուի «Անհավատարմություն»-ը : 2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունն «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49), «Մետրո» (091- 96- 14 - 88) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 34
2 0

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 23
3 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 13
4 -1

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 12
5 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 11
6 +4

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 11
7 -1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 10
8 +1

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 10
9 *

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե

«Այսպես խոսեց Զրադաշտը»

Անտարես 9
10 *

Պաուլու Կոելյու

«Անհավատարմություն»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]