1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 03.03.2016

Սպասվող լրահոս. 03.03.2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` մարտի 3-ին, սպասվող լրահոսը բավական հագեցած է: Նախատեսվում են քննարկումներ, հանդիպումներ, նիստեր, ցուցադրություններ և այն: Սկսենք Կառավարությունից: Այսօր գործադրի հերթական նիստն է: Նիստի օրակարգում հարցերի պակաս չի զգացվում: Կառավարությունը կսահմանի օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը, կհաստատի հանրապետությունում ռոբոտաշինության նոր խմբակների ստեղծման նախագիծը, մեկ այլ հարցով էլ կսահմանվի հնարավորություն, որ մարտի 1-ից պետությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը:   

Ի՞նչ մակարդակի վրա են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, ի՞նչ հեռանկարներ ու մարտահրավերներ կան ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ: Այս և այլ հարցերն են շոշափվելու Երևանում անցկացվող սեմինարին: Մասնակիցներն են` Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը, հայ վերլուծաբաններ, փորձագետներ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են: Այս անգամ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն է խոսելու էլեկտրոնային ընտրության մեթոդաբանության և այլ առաջնահերթույթների մասին:

Օրվա լրահոսում չի շրջանցվի ձկնարտադրության թեման: «Ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանը և ձկնաբույծները կխոսեն ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների մասին:

Տնտեսական թեման կշարունակվի, բայց զբոսաշրջային հարցերի շեշտադրմամբ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբ»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը կանդրադառնան Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:

Ո՞ր պատգամավորներն են առավել ակտիվ, իսկ որո՞նք պասիվ, որ պատգամավորներն են ամենից շատ բացակայել: Կհրապարակվեն «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները:

Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Հայ գրականության այսօրն ու վաղը. Ժամանակակից գրողներն ու ընթերցողի պահանջարկը: Թեմայի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնելու գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը և գրող-թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը:

Մարտի 3-ը նաև լսողության միջազգային օրն է: Ինչպիսի՞ սոցիալական և բարոյական խնդիրների հետ են բախվում լսողության խանգարումներ ունեցող անձինք, ինչ աջակցություն է ցուցաբերում պետությունը: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը և ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը կանդրադառնան խնդիրներին:

Մարտի 3-ը Գրողների, ինչպես նաև լսողության միջազգային օր լինելուց բացի, շուտով Հայաստանում կնշվի, որպես Գործարարության օր: Հրապարակվելու է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության որոշումը, որով գործարարները դիմելու են ՀՀ կառավարությանը՝ մարտի 3-ը պաշտոնապես ճանաչելու որպես Գործարարության օր։ Որոշումը հրապարակվելու է մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին առաջին անգամ տրվող Սուրբ Պատարագից հետո։

Իսկ ահա Արգավանդի Ս.Սարգիս եկեղեցում Միջինքի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ այցելություններ, տոնախմբություն, հյուրասիրություն: Արգավանդի Ս.Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը կնշի Միջինքը հոգևոր հովիվ Տ.Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Երիտասարդները կպատրաստեն Միջինքի Բաղարջ հաց, որի մեջ կտեղադրվի խաչ: Տեր հայրը երիտասարդների հետ հոգևոր զրույց կունենա Մեծ Պահքի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]