Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 01.03.2016

Սպասվող լրահոս. 01.03.2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Մարտի 1-ին Հայաստան է գալիս ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նախատեսված է հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին կներկայացնեն քննարկված հարցերի շրջանակն ու կպատասխանեն լրատվամիջոցների հարցերին:

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ ամեն տարի Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում իրականացվում են տարբեր միջոցառումներ`բաց  դասեր, ուսումնական վարժություններ, տարհանումներ: Այս տարին ևս բացառություն չէ: Ուսումնական վարժություններից բացի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա Արտակարգ իրավիճակների նախարարության արված աշխատանքին ու առաջիկա անելիքներն՝ ուղղված քաղաքացիական պաշտպանությանը:

Պետական գերատեսչություններն ակտիվանցում են համագործակցությունը գիտական հաստատությունների հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հանդիպելու ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ: Քննարկվելու են ՀՀ ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սփյուռքի նախարարությունը համագործակցության պայմանագրեր կնքեց Գիտական տարբեր հաստատությունների հետ: 

Օրվա ընթացքում գիտական թեման կշարունակվի հայազգի հայտնի գիտնական, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ, Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանի բաց դասախոսությամբ: Այն անցկացվելու է «Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով: Դասախոսությունը նախատեսված է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում:

Հասարակության շրջանում մարտի 1-ն ընկալվում է ոչ միայն գարնան առաջին օր, այլև  այն հիշեցնում է 2008 թվականի այդ օրը տեղի ունեցած ողբերգական դեպքերը, երբ Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիաներն ունեցան արյունալի հետևանքներ: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում է կամ հանրահավաք, կամ երթ: Այս տարին բացառութուն չէ: Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կանցկացնեն համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ անդրադառնալու է Մարտի 1-ի դեպքերի  քաղաքական և իրավական դասերին:

Ի՞նչ եղանակ է սպասվում մարտին: Արդյո՞ք առկա տաք եղանակային պայմաններին կհաջորդի ջերմաստիճանի իջեցնում: Ի՞նչ կանխատեսումներ կան գյուղատնտեսության ոլորտում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը եւ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը կանդրադառնան նշված հարցերին:

 Մշակութային անցուդարձից: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կբացվի երիտասարդական մեծ ցուցահանդես: Հայաստանի ժուռնալիստների միությունն էլ կամփոփի «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխության արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]