1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան

Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե մարդ ուժեղ մարդկանցով է շրջապատված, չի կարող թույլ լինել: Մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը վստահ է` ուժեղ ասելով պետք չէ հասկանալ միայն ֆիզիկական ուժը:

Սարգիս Ստեփանյանն ընդամենն օրեր առաջ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից «Հայկյան» մրցանակ ստացել` ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական սխրանքի դրսևորման ու անմնացորդ նվիրումի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում մերօրյա հերոսը պատմում է սխրանքի, «Հայկյանի» կարևորության ու գործը շարունակող երիտասարդ սերնդի մասին:

«Հայկյանն» ստանալը շատ ոգևորիչ էր


Մեծ պատիվ էր, մանավանդ, որ գերագույն հրամանատարն էր մրցանակը հանձնում: Պարտավորեցնում է հետագայում ավելի ուժեղ, ավելի ամուր լինել, նոր գործողություններն ավելի լավ կատարել: Երիտասարդությունը ծափահարություններով, հարգանք ցույց տալով դիմավորեց ինձ: Ինձ համար մեծ պատիվ էր. դա է ուժ, կյանք տալիս: Ես ուժեղ եմ իմ ժողովրդով, ես մենակ չեմ, իմ կողքին են բոլորը: Ինձ համար սա ամեն ինչ է:

Մինչ այսօր ծառայում եմ..


2007 թվականից անցել եմ ծառայության ՀՀ զինված ուժերում և մինչ այսօր ծառայում եմ: Ծանր վիրավորվել եմ: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Այդ ժամանակ իրավիճակը սահմանում բավականին խառն էր: Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինընկեր ունեինք: Ես ստացա նրան չեզոք գոտուց դուրս բերելու հրաման: Տարածքն ականապատված էր. գիտակցելով, որ ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել մեր ընկերոջ համար, փորձեցի շատ արագ գործել: Խնդիրը կատարելու ժամանակ ոտքերիս տակ պայթեց ականը, վիրավորվեցի, կորցրեցի երկու ոտքս և աջ ձեռքս:

Ծառայությունը` կյանքի անբաժանելի մաս


Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է եղել, պատերազմական տարիներն անցկացրել է մարտի դաշտում: Ես այդ ժամանակ փոքր եմ եղել, տեսել եմ, հարցեր տվել: Հայրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց, որ անցնեմ ինձ համար համապատասխան ծառայության: Իմ ընդունակություններից ելնելով` ընդունեցին հատուկ նշանակության զորքեր: Բավականին երկար զբաղվել եմ ծանրամարտով, ծանրամարտի սպորտի վարպետ եմ: Ծառայության անցա, վերապատրաստվեցի:

Հայրս միշտ ինձ խորհուրդներ է տվել, հիմա էլ է տալիս

Դեպքից հետո, երբ ինձ Արցախից բերել են կենտրոնական հոսպիտալ, բժիշկներն ասել են, որ 3-4 օր հետո կարթնանամ, բայց հաջորդ օրն արթնացել եմ, բոլորը զարմացել են: Կանչել եմ հայրիկիս, նա դժվարացել է մտնել սենյակ: Հետո, երբ եկավ, պառկած էի: Մոտեցավ, խոսեցի, շատ ուրախացավ: Երևի մտածում էր, որ եթե մարդ մարմնի կեսը կորցնում է, ուղեղում էլ ինչ-որ բան է փոխվում: Եվ մի ուրիշ ուրախությամբ ուրախացավ, երբ տեսավ, որ ամեն ինչ նորմալ է:

Կյանքը սահմանին

Սահման պահող ցանկացած մարդ առաջին հերթին գիտակցում է, որ պահում, պաշտպանում է իր ընտանիքը: Դա իրեն պարտավորեցնում է  ավելի զգոն, ուշադիր լինել, չսխալվել: Բոլորն էլ գիտակացում են, որ սահմանը պահում են իրենց հայրենիքի համար, և դա պատվով են անում:

… Մեր նախագահն ասաց, որ փայլուն երիտասարդութներ ունենք: Ճիշտ է ասում. հայրենասեր են, նրանք սահմանն ուրիշ ձև են պահում, ավելի ոգևորված: Նրանց դուր է գալիս, որ իրենց վստահում են: Ամենակարևորը` ուժեղ են: Մեր երիտասարդությունը, ինչպես ասում է նախագահը, փայլուն կատարում է ցանկացած խնդիր:

Սեր սպորտի նկատմամբ

Ժամանակին լուրջ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվել եմ ծանրամարտով: Բավականին լավ արդյունքներ ունեի: Ինչպես ասացի, հասել եմ սպորտի վարպետի կոչման: Ծառայության հետ համատեղել չէր լինում, թողեցի: Վերջերս փորձեցի կշռաքար բարձրացնել, ստացվեց: 32-կիլոգրամանոց կշռաքարը բարձրացրի 8 անգամ: Կանգնած դիրքից սեղմում վարժություն եմ կատարել: Սա Հայաստանի «Դյուցազնագրքում» է ներառվել. ինձ ասացին, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար ինքս պետք է հայտ ուղարկեմ: Անպայման դիմելու եմ:

Հիմա ամբողջ շեշտը դրել եմ բազկամարտի վրա.Աստծո հաջողությամբ այս տարի Հունգարիայում պետք է մասնակցեմ աշխարհի առաջնության: Իմ մարզչի հետ լուրջ մարզվում ենք, ջանքեր չենք խնայում: Պատրաստվում ենք հաղթել:

Էքստրեմալ կյանքի սիրահարը

113 անգամ թռել եմ պարաշյուտով: Էքստրեմալ կյանքն ինձ դուր է գալիս` արագություն, բարձրություն և այլն: Հունաստանում լեռնագնացության պատրաստության դասընթացներ եմ անցել: Պլաններ ունեմ բազմահարկ շենքից պարանով ինքնուրույն իջնել: Պարաշուտով էլ եմ թռչելու: Դեպքից չորս ամիս էր անցել, սար բարձրացա, դեռ պրոթեզներին նորմալ չէի հարմարվել: Շարունակում եմ ապրել նախկինի նման:

Մեծ աշխատանքի արդյունքում ոտքի կանգնեցի

Երբ Մովսես Հակոբյանը մեր տուն բերեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով շնորհված «Արիության» մեդալը, սայլակի վրա էի, ամիս ու կես էր անցել դեպքից: Այդ ժամանակ հարցազրույցում ասացի, որ 1,5 ամիս հետո ոտքի եմ կանգնելու, անցնելու եմ ծառայության: Երևի շատերը թերահավատությամբ ընդունեցին խոսքս, բայց մեծ աշխատանքի արդյունքում ոտքի կանգնեցի:

Իսկ ՀՀ նախագահի շնորհած «Արիության» մեդալն ստացել եմ նոյեմբերին. ինքնուրույն ոտքի եմ կանգնել, քայլել եմ, մոտեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հանձնել է, գրկել:

Երկու տղա ունեմ


Մեկը` 12, մյուսը` 10 տարեկան է: Բավականին ակտիվ են, խելացի, մեծին հարգել գիտեն, ինչն ինձ համար ամենակարևորն է: Սովորում են, մարզվում, փոքր տղաս ասել է, որ զինվորական է ուզում դառնալ: Մեծանան` ինչ կցանկանան, թող դառնան:

Ես ինձ ուժեղ եմ համարում

Գլուխ չեմ գովում: Եթե մարդ ուժեղ մարդկանցով է շրջապատված, չի կարող թույլ լինել: Թույլ մարդն է իրեն թույլերով շրջապատում: Ուժեղ՝ նկատի չունեմ ֆիզիկապես. հոգևոր ուժի մասին է խոսքը: Ցանկացած խոչընդոտ կարող է ընկճել մարդուն: Լինում են պահեր, որ տխրում ես, բայց ես ամեն ինչ անում եմ, որ իմ շրջապատը տեսնի, որ ուժեղ եմ և իմ քայլերով, օրինակներով իրենց ավելի ոգեշնչեմ: Ամեն ինչ հաղթահարելի է: Ես շրջապատված եմ ինձ բարին ցանկացող մարդկանցով:

…Հիմա ծառայում եմ, դասավանդում, իմ փորձը փոխանցում եմ մեր երիտասարդներին: Սովորեցնում եմ որոշ բաներ: Այս տարի նաև պլանավորում եմ սովորել ռազմական ակադեմիայում`կատարելագործվելու:

Ռոզա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]