Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Գասպարին խցերում բռնության չի ենթարկվել. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն

Գասպարին խցերում բռնության չի ենթարկվել. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հարկ է համարել ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին: «Արմենպրես»-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հանրային կապերի բաժնի փոխանցած պարզաբանման մեջ նշվում է.

 «Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ.-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ.-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ: Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ ևս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ և պառկել մահճակալին: Նույն օրը՝ ժամը 00։00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, և երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետև հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, և պառկել է միջանցքի գետնին: Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ.Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 և 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել: 24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց և հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին: Նկատի ունենալով, որ ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգիռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ