Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.02.2016

Սպասվող լրահոս. 26.02.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Խորհրդարանի հերթական քառօրյան ավարտված է: Այսօր` փետրվարի 26-ին, նախատեսված են ճեպազրույցներ: Խմբակցությունները կանդրադառնան նախորդ օրերին խորհրդարանում քննարկված հարցերին, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներին: Մանսավորապես, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրին:

Եվս մեկ համագործակցության համաձայնագիր, բայց այս անգամ ոչ քաղաքական: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ-ը պատրաստվում են համատեղ աշխատել աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների, մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու համար:

Լույս է տեսել հրապարակախոս, արձակագիր Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր. 1988թ. 27 մարտի- 5 ապրիլի» գրքի անգլերեն  տարբերակը: Բակուր Կարապետյանը սումգայիթյան դեպքերից անմիջապես հետո մեկնել է Սումգայիթ եւ տեղում հավաքել վկայություններ սումգայիթյան դեպքերի մասին: Բոլոր վկայություններն ուղեկցվում են լուսանկարներով եւ տեսանյութերով:

Փորձագիտական, քաղաքական դաշտը քննարկում է ռուս-թուրքական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Գագիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ցեղասպանության մասնաճյուղի վարիչ Արմեն Մարուքյանը և սոցոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն են խոսելու թեմայի շուրջ: Տարածաշրջանային հարցերից մերձավորարևելյան զարգացումներին անդրադառնալու է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ներառական մասնագիտական կրթությանն ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրին են անդրադառնալու միջազգային և պետական կառույցները: Հայտնի է, որ հանրակրթական համակարգում ներառական կրթությունն արդեն իրողություն է, ինչը չենք կարող ասել միջին մասնագիտական և բուհական համակարգի դեպքում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը պատրաստվում է ներկայացնել ներառական մասնագիտական կրթությանն ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության նոր մոդել:

Այսօր կայանալու է Սասուն Միքայելյանի աջակիցների ժողով: Նախատեսված է ժողովի ընթացքում քննարկել Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հարցը: Քննարկումից հետո մանրամասներ կներկայացվեն լրատվամիջոցներին:

Ինչո՞ւ են շարունակում քանդել հին Երեւանը. մշակութային արժեքների պահպանման խնդիրներն ու Երեւանի քաղաքապետարանի գործողություններին հասարակության արձագանքը: Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացնելու ճարտարապետ Հրաչ Պողոսյանը եւ Սերգեյ  Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

ԵԱՏՄ-ի մեկ տարվա գործունեությունն էլ պատրաստվում է ամփոփել փոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նա անդրադառնալու է նաև տարածաշրջանային տնտեսական զարգացումներին, հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերություններում առկա հնարավորություններին:

Մարտի 3-ին «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերան է: Դրան ընդառաջ լրագրողների հետ են հանդիպելու ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը, «Պերսոնա Գրատա» խմբի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը և «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Այսօր կայանալու է նաև «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]