Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

2015-ը մարզային առողջապահական համակարգի արդիականացման աննախադեպ տարի էր. Նելսոն Զուլոյան


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ Նախագահի` մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի, մարզային առողջապահական համակարգի արդիականացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս մասին ընդգծեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում` անդրադառնալով  մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրերին:

- Պարոն Զուլոյան, փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի մոտ ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները, համաձայն մամուլի հաղորդագրության կառավարության ղեկավարն բավարարված է կատարված աշխատանքներից: Կարո՞ղ եք նեկայացնել ինչպիսինն էր տարին մարզային առողջապահական համակարգի արդիականացման համար:

- Մեզ համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող արժանանալ ՀՀ վարչապետի նման գնահատականի: Հիրավի, կառավարության ղեկավարը դրական գնահատեց ՀՀ առողջապահության նախարարության, առանձնացված ստորաբաժանումների և բժշկական հանրության կողմից 2015թ. իրականացված աշխատանքները, որի հիմքում ընկած են տեսանելի և շոշափելի արդյունքներ: Ներկայացնեմ, դրա վառ օրինակներից մեկը. տարեվերջին` ամանորյա եռուզեռի ժամանակ, երբ մեր հայրենակիցները նախապատրաստվում էին տոներին, ամբողջ համակարգը նախարար Մուրադյանի գլխավորությամբ պայքարում էր, այսպես կոչված, «խոզի» գրիպի (H1N1) համաճարակը կանխարգելելու և հետևանքները նվազեցնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներին, ապա պետք է ընդգծեմ, որ տարին, իրոք, աննախադեպ էր մեզ համար: Այսպես, ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք ավարտին հասցրեցինք 4 մարզային բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքները: Սահմանամերձ Բերդ քաղաքում շահագործման հանձնվեց ազգաբնակչության կողմից երկար սպասված Բերդի բժշկական կենտրոնը: Տնտեսված միջոցների հաշվին հիմնանորոգվեց և վերազինվեց Ճամբարակի առողջության կենտրոնը: ՀՀ Սյունիքի մարզում, ի լրումն Գորիսի և Քաջարանի բժշկական կենտրոնների վերակառուցվեց և համալրվեց նոր սարքավորումներով Կապանի բժշկական կենտրոնը: Առանձնակի հպարտությամբ ուզում եմ նշել, որ հեռավոր Մեղրու տարածաշրջանում կառուցվեց նոր` ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող, բժշկական կենտրոն, որը համոզված եմ, շնորհիվ իր հզոր բուժական և ախտորոշիչ հնարավորությունների` ծառայություններ է մատուցելու ոչ միայն տարածաշրջանի, այլև հարևան Իրանի ազգաբնակչությանը:

Ծրագրերի իրականացման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին, գյուղական համայնքներում` հնարավոր դարձավ հիմնանորոգել 2 և կառուցել 11 բժշկական ամբուլատորիաներ, արդյունքում էլ ավելի մատչելի դարձնելով առողջության առաջնային պահպանման ծառայությունները մեր մարզերի բնակչության համար:

Վերոնշյալը հանդիսանում է նաև ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության գործնական իրականացման բաղկացուցիչ մասերից մեկը, քանի որ նախարարության քաղաքականությունը ենթադրում է անցում կատարել հիվանդությունների բուժումից դեպի կանխարգելում, որի առաջնագծում են հենց ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բուժհաստատությունները:

- Քանի որ Դուք խոսեցիք հիվանդությունների կանխարգելումից, ուզում ենք հարցնել ` ինչպե՞ս է ընթանում 2015թ.-ին մեկնարկած զանգվածային սքրինինգային ծրագիրը:

- Ինչպես արդեն մեր համաքաղաքացիներից շատերը տեղյակ են, 2015թ. մեկնարկել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերմանն ուղղված անվճար սքրինինգային ծրագիրը: Պետք է փաստեմ, որ իրականացված հետազոտությունների քանակը բավականին տպավորիչ է: Մասնավորապես` նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի ընթացքում իրականացվել են 526,202 հետազոտություններ, այդ թվում 58,602 ՊԱՊ թեստ, 197,100 արյան մեջ գլյուկոզայի որոշման թեսթ և շուրջ 270,490 քաղաքացիներ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:

Քանի որ ծրագիրը եռամյա է, բնականաբար մենք չենք բավարարվում ունեցած արդյունքներով և ակնկալում ենք բնակչության էլ ավելի ակտիվ մասնակցություն: Այդ նպատակով, ներկայում կրկնապատկել ենք հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների քանակը:

-Պարոն Զուլոյան, իսկ ինչպիսի՞ ծրագրեր ունեք նախատեսված ընթացիկ տարում:

-Ինչպես նշեցի, նախորդ տարին, իրոք, աննախադեպ էր, կատարված աշխատանքների ծավալի առումով: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում պլավորված աշխատանքները, տարբերվելով իրենց բացառիկությամբ, կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար:

Խոսքն առաջին հերթին ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Հայաստանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքների մասին է, որոնք իրականացվում են «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի և անձամբ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել հաշված ամիսներ անց: Մինչ կենտրոնը կսկսի ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը, վեց փորձառու արյունաբաններ կգործուղվեն արտերկրի առաջատար գիտահետազոտական կենտրոններ` վերապատրաստման դասընթացներ անցնելու համար:

Այս նորաստեղծ համալիրում, իրականացվելու է արյան և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների ախտորոշում ու բուժում ժամանակակից սարքավորումների և մոտեցումների կիրառմամբ, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանում իրականացվելու է ոսկրածուծի փոխպատվաստում, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Արդյունքում, այդ բարձր տեխնոլոգիական միջամտությունը հասանելի կդառնա Հայաստանի ազգաբնակչությանը, և հիվանդները ստիպված չեն լինի մեկնել արտերկիր բուժման նպատակով:

Ավարտին է մոտենում նաև քաղցկեղի միասնական ռեգիստրի ստեղծման գործընթացը, որը դյուրացնելու է հանրապետությունում քաղցկեղների հաշվառման գործընթացը, ստեղծելով նոր հնարավորություններ դրանց տարածվածության, ռիսկի գործոնների ու խմբերի գիտական հետազոտության համար, ինչը կնպաստի չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

-Իսկ մարզերում աշխատանքներ նախատեսված չե՞ն:

- Ուզում եմ տեղեկացնել մեր ընթերցողներին, որ համաձայն ՀՀ Նախագահի` մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի, մարզային առողջապահական համակարգի արդիականացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Արդեն այս տարի մենք կմեկնարկենք Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Եվ իհարկե, Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվելու է զանգվածային սքրինինգային ծրագիրը: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և հիշել, որ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է: Ինչ վերաբերում է քաղցկեղին, ուզում եմ մեջբերել ապաքինված հիվանդներից մեկի խոսքերը` «քաղցկեղը կարող է սկսել պայքարը, բայց միայն ես եմ, որ կարող եմ ավարտել այն հաղթանակով», այլ կերպ ասած, ներկայում վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ամենևին էլ դատավիճռ չէ, այլ հաճախ կառավարելի և բուժելի հիվանդություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ