Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարվա ժամանակակից հայ հեղինակը Վահրամ Մարտիրոսյանն է. «Արմենպրես»-ն անցկացրեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

 Տարվա ժամանակակից հայ հեղինակը Վահրամ Մարտիրոսյանն է. «Արմենպրես»-ն 
անցկացրեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծն արդեն երրորդ անգամ յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփեց տարին: Փետրվարի 20-ին LOFT կենտրոնում անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում հայտարարվեցին հաղթողներ:

«Մենք սովորաբար մրցանակաբաշխությունն անում ենք Մայրենի լեզվի օրը, սակայն հաշվի առնելով օրացուցային առանձնահատկություններն, այս տարի որոշեցինք կազմակերպել տոնից մեկ օր շուտ: Մրցանակաբաշխության գրքերն ընտրում ենք ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներով, որպեսզի գնահատվի լավ գիրքը, իսկական գրականությունը, լավ գրահրատարակիչը, գրքի վաճառքով զբաղվող պրոֆեսիոնալ մարդիկ: Ուրախ եմ, որ մեր նախագիծը շարունակում է իր ընթացքը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության մեկնարկին նշեց Արամ Անանյանը:

Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Վահրամ Մարտիրոսյանը («Սերը Մոսկվայում»): «Մեր ժամանակներում գիրք գնելը և տպելը խիզախություն է: Ինձ համար շատ արժեքավոր է այս մրցանակը»,-շեշտեց Վահրամ Մարտիրոսյանը:

Տարվա ամենապահանջված թարգմանությունները կատարել է Կարլեն Մատինյանը` հայերեն թարգմանելով Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»: «Ինձ համար անակնկալ էր այս մրցանակն, անչափ շնորհակալ եմ մրցանակի համար: Այս հաջողության հիմքը մեծագույն գրողներն են` Գրասը և Ելինեկը»,-ընդծեց Կարլեն Մատինյանը:

Տարվա մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է: Բեսթսելերների տարվա հրատարակիչը կրկին «Անտարես»-ն է: Տարվա մանկական գրքերի հրատարակիչը` «Բուկինիստ»-ը:

Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Գրիգը` «Հիսուսի կատուն» ժողովածուի համար: «Ժամանակին համահունչ» նոր` հատուկ մրցանակն ստացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Նախագծի աջակից ճանաչվեց «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնը:

Մրցանակաբաշխության ավարտին նշվեց, որ նախագիծը կներկայացվի նաև հեռուստատեսային ձևաչափով:  

Մրցանակաբաշխության նպատակն էր արժանին մատուցել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին: Միջոցառմանը ներկա էին գրական ասպարեզի ներկայացուցիչներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, հյուրեր:

 «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ.առաջին անգամ իրադարձությունը տեղի է ունեցել 2014 թվականին:

«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]