Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանի գրած երաժշտությունը ձայնագրվում է Հայաստանում

Սերժ Թանկյանի գրած երաժշտությունը ձայնագրվում է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար համարաշխարհահռչակ Սերժ Թանկյանի գրած երաժշտությունը ձայնագրվում է Հայաստանում: Ձայնագրման աշխատանքներում ներգրավված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

«Երկար տարիների աշխատանք, սրտացավ թիմ պահանջվեց ֆիլմն իրականացնելու համար: Ամենակարևորը` սեր պահանջվեց. բոլոր մասնակիցներին միավորում էր սերը դեպի ֆիլմը: Բավական երկար, դժվարին աշխատանք է արվել: Նկարահանման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Թե ինչպիսին կլինի ֆիլմը` կդատի հանդիսատեսը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ձայնագրման աշխատանքների մեկնարկին նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Նրա խոսքով` ինքը և Սերժ Թանկյանը երկու ամիս աշխատել են երաժշտության վրա: «Կարծես թե միասին ապրել ենք հերոսներիամեն մի օրն ու դրվագը: Սերժը կատարյալ, փայլուն երաժշտություն է գրել: Երաժշտությունն իսկապես շատ լավն է, շնորհակալ եմ նրան: Անկեղծ ասեմ` եթե չսիրեր, չէր անի նման աշխատանք: Սերժը ֆիլմի պատկերները տեսել է, սցենարը սիրել է : Նա ասաց. «Ֆիլմն ինձ կտա թևեր, որ ես ստեղծագործեմ» »,-հավելեց Ջիվան Ավետիսյանը` շեշտելով, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն:

«Վերջին բնակիչը» ֆիլմն ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի ստեղծմանը աջակցել են շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» և «Mosaic Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները և Լիբանանի պետական համալսարանը: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Այժմ ֆիլմը հետարտադրական աշխատանքների փուլում է: Մոնտաժի, գույնի հետ կապված աշխատանքներն իրականացվում են Լիտվայում, ձայնի հետ կապված աշխատանքները` ԱՄՆ-ում` «Alpha Dogs INQ» ընկերությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]